Աշխարհի հեղինակավոր ֆուտբոլային ակումբներում՝ «Այաքսում», «Կուբանում», «Սպարտակում», «Բեշիկթաշում», ապա հայկական «Փյունիկում» և «Ուրարտուում» խաղալուց, Հայաստանի ազգային հավաքականի հետ 40 խաղի մասնակցելուց հետո հայտնի ֆուտբոլիստ, Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին կիսապաշտպան Արաս Օզբիլիսն իր թեկնածությունն առաջադրել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում: Ընտրությունը տեղի է ունենալու դեկտեմբերի 23-ին։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով իր այդ որոշման պատճառների մասին, Օզբիլիսը նշել է՝ ավելի շատ, մեծ օգուտ կարող է տալ հայկական ֆուտբոլին՝ որպես Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, քան՝ որպես ֆուտբոլային կարիերան ավարտած մարզիչ։
Հարցին՝ ինչպե՞ս է պատերացնում ՀՖՖ նախագահի պաշտոնի համար մրցակցությունը, երբ իր մրցակիցը՝ ՀՖՖ գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանը, ունի Նիկոլ Փաշինյանի, Աննա Հակոբյանի և ողջ ՔՊ-ի աջակցությունը, Օզբիլիսը շեշտել է.
«Գիտեմ՝ դժվար է լինելու, բայց առանց դժվարության փոփոխությունների չես կարող հասնել։ Ես գիտեմ, որ իմ փորձով, իմ ծրագրով Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի աշխատանքն ավելի լավ կարող եմ անել»,- ասել է հայտնի ֆուտբոլիստը։
Օզբիլիսը նշել է՝ իր նպատակն է Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը հայկական ֆուտբոլի զարգացմանը, արմատական և համակարգային փոփոխություններին ծառայեցնելը։
«Գիտեմ՝ ինչ կարող եմ անել մեր ֆուտբոլի համար։ Հստակ է մեկ բան՝ ֆուտբոլում ամենակարևորն արդարությունն է, իսկ ֆեդերացիան պետք է գործի թափանցիկ և արդար։ Կանոնները բոլորի համար պետք է հավասար լինեն։ Կարծում եմ՝ մենք դա կորցրել ենք, և, եթե ես ընտրվեմ ՀՖՖ նախագահ, առաջինը հենց թափանցիկությանն ու արդարությանն եմ ուշադրություն դարձնելու»,- ասել է Օզբիլիսը։
Անդրադադառնալով իր թեկնածության առաջադրման հետ կապված մտահոգություններին, թե իր թեկնածությունն առաջադրել է մի ակումբ, որն ունի լավ հարաբերություններ Արմեն Մելիքբեկյանի հետ, ուստի իր թեկնածությունը կարող է օգտագործվել ընդամենը ֆոն, իմիտացիա ստեղծելու նկատառումներով, Օզբիլիսը պատասխանել է.
«Ոչ ոք ինձ չի կարող աջ կամ ձախ տանել։ Ես ինչ անում եմ՝ անում եմ երեխաների համար»։
Հերքելով տարածված մտահոգությունները, թե իր վարկանիշն ու իրեն կարող են օգտագործել՝ ֆոնային նպատակով, Օզբիլիսը շեշտել է՝ ՀՖՖ նախագահ ընտրվելու դեպքում ունենալու է լավ հարաբերություններ բոլոր ակումբների հետ։
Ինչ վերաբերում է հայկական ֆուտբոլի զարգացման իր տեսլականին, ապա հայտնի ֆուտբոլիստը սխալ է համարել միլիոնավոր եվրոներով դրսից մարզիչների հրավիրելու քաղաքականությունը, երբ դա չի լուծում ֆուտբոլում առկա խնդիրները։
«Մելենդեսը կլինի կամ այլ մեկը. խնդիրը նրանում է, որ այդքան փող են ծախսել, մասնագետներ են բերել, որը ծրագիր և ռազմավարություն չի ներդրել ֆուտբոլում. այսինքն, եթե այդ դրսից եկած մարդն այսօր կա, վաղը չկա, նրա գնալուց հետո պետք է ստրատեգիան շարունակվեր, իրականում, սակայն, եկել, աշխատել գնացել են՝ չունենալով ռազմավարություն։ Ես կարող եմ նույն ձևով վաղն «Այաքսի» ծրագիրը բերել և ներդնել հայկական ֆուտբոլում, բայց դա սխալ է. դա մեզ մոտ չի աշխատի, հետևաբար, դրսից ինչ էլ բերես, պետք է մենք մեր ստրատեգիան ունենանք, որը կհամապատասխանի մեր երկրին, մեր մտածողությանը։ Սա է, որ չի արվել։ Ծրագիրը մեկ մարդուց կախված չպետք է լինի, իսկ մեր դեպքում հենց այդ սխալ տարբերակն է եղել»,- ասել է Օզբիլիսը՝ համաձայնելով դիտարկման հետ, որ փաստորեն միլիոնավոր եվրոներ են ծախսել՝ չարձանագրելով արդյունքներ, ինչը նշանակում է հսկայական գումարի ոչ արդյունավետ ծախս:
«Հայկական ֆուտբոլը լավ վիճակում չի։ Հայաստանի հավաքականում ընդամենը երկու հոգի ունենք, որ Հայաստանից են, պատկերացրեք, որ սփյուռքից ֆուտբոլիստները չգան, մենք ի՞նչ ենք անելու, հետևաբար, ինչքան փող ունենք՝ պետք է ներդնենք երեխաների վրա… Պայքարելու եմ մինչև վերջ, որ բոլոր փողերը ծախսվեն ֆուտբոլի համար»,- ասել է Օզբիլիսը՝ շեշտելով՝ պայքարելու է այդ ամենին հասնելու համար, թեև դեռ թեկնածու է, զգում է ճնշում իր նկատմամբ։
«Ճնշումը զգում եմ, բայց դա ինձ ավելի շատ է ուժ տալիս, ես դրանից ավելի չեմ վախենում։ Պայքարելու եմ մինչև վերջ, որ գումարները ծախսվեն մանկապատանեկան ֆուտբոլի վրա, որ այն զարգանա։ Պայքարելու եմ և ամեն ինչ կանեմ նաև, որ Հենրիխ Մխիթարյանը մինչև իր կարիերայի ավարտը խաղա Հայաստանի ազգային հավաքականում»,- ասել է Արաս Օզբիլիսը։