Դեկտեմբերի 7-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:20-ի սահմաններում Տիգրան Մեծի պողոտայում բախվել են Երևանի բնակիչ 22-ամյա Արտյոմ Վանեցյանի վարած Mercedes մակնիշի և Արմավիրի մարզի բնակիչ 36-ամյա Մելիք Բադալյանի վարած Kia մակնիշի ավտոմեքենաները։ Արտյոմ Վանեցյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենան վթարի պահին կանգնած է եղել լուսաֆորի կարմիր լույսի ներքո։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարից ժամեր անց Արտյոմ Վանեցյանը, բժշկական օգնություն ստանալու նպատակով, դիմել է «Նաիրի» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդում փաստաթղթեր են ձևակերպվել։
Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ պարեկները Մելիք Բադալյանի մոտ հայտնաբերել են կասկածելի թմրամիջոց, ով հայտարարել է, որ հայտնաբերված կաթոցիչով ինքն օգտագործել է «մարիխուանա» տեսակի թմրամիջոց։
Թմրանյութի հայտնաբերման փաստով ձևակերպված փաստաթղթերը փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։ Իսկ վթարի փաստով ձևակերպված փաստաթղթերը փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին։
Կայքի տեղեկություններով՝ Արտյոմ Վանեցյանը Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, գեներալ-մայոր, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի որդին է։