Հետևեք մեզ։

ԼՂ կապիտուլյացիայի պայմանագիրը ստորագրել են Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, ոչ թե Սամվել Շահրամանյանը․ ՔՊ-ական Գևորգ Պապոյան

13:21, 11 դեկտեմբեր 2023
ԼՂ կապիտուլյացիայի պայմանագիրը ստորագրել են Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, ոչ թե Սամվել Շահրամանյանը․ ՔՊ-ական Գևորգ Պապոյան

ԼՂ կապիտուլյացիայի պայմանագիրը ստորագրել են Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ՔՊ-ական պատգամավոր Գևորգ Պապոյանը։

 

«Ես կարծում եմ, որ խաղաղության պայմանագիրն այն մասին է, որ ռևանշներ չլինեն։ Պետք է հասկանանք, որ եթե ուզում ենք ՀՀ-ում պետություն, պետականություն և անկախություն լինի, ապա դա անցնում է հարևանների հետ երկխոսության ճանապարհով։ Եթե ՀՀ-ն հայտարարի, որ ռևանշի են նախապատրաստվում, ապա դա հավասար է ՀՀ չլինելու հետ»,- ասել է Պապոյանը։

 

Անդրադառնալով Արցախի կապիտուլյացիայի ստորագրման վերաբերյալ հարցին՝ Պապոյանը նշեց․ «Ինչ է նշանակում, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը հորդորեն, գործընթացներ սկսեն, որ ԼՂ-ում տեղի ունենա պալատական հեղաշրջում, ընտրված նախագահին փոխարինի նշանակովի մարդ։ Տեսա՞ք՝ ով էր դավաճան։ Իրական կապիտուլյացիայի պայմանագիրը ստորագրել են Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, ոչ թե Սամվել Շահրամանյանը։ Իրենք էին թռչկոտում Երևանում այն երևույթից, որ տեղի էր ունեցել էնտեղ։ Այսինքն՝ գնան այնտեղ կապիտուլյացիա ստորագրեն, զենքերը հանձնեն, լուծարեն ԼՂ բանակը, ԼՂ ԱԺ-ն լուծարեն, գան, ՀՀ-ում ԼՂ ԱԺ նիստ անե՞ն։ Սա անթույլատրելի է»,- ասաց Պապոյանը։

 

Պապոյանն Արցախի հայերին, որոնք ցանկանում են ՀՀ-ում ԱԺ նիստ անել, խորհուրդ տվեց «խելքի գալ»․ «Չի կարելի գնալ, կապիտուլյացիա ստորագրել, հետո գալ էստեղ, ՀՀ-ի տակ ռումբ դնել։ Ամենակարևորը ՀՀ-ն է, ամենակարևորը երեք գույնանի մեր դրոշն է, 29,800 քառ․ կմ-ն է։ Լեռնային Ղարաբաղը վարի տան, հիմա գան Հայաստանը վարի տա՞ն։ Հերիք չեղա՞վ»։