Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը մեկնաբանություն է տվել Aysor.am-ին՝ կապված ՀՖՖ նախագահի ընտրությունների հետ։
Լրատվամիջոցը ՀՖՖ նախկին նախագահից մեկնաբանություն է խնդրել, թե ի՞նչ կարծիք ունի Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արաս Օզբիլիզի թեկնածության մասին ու արդյո՞ք կլինեն արդար ընտրություններ։
Ռուբեն Հայրապետյանը հայտարարեց, թե շատ է ափսոսում, որ Արաս Օզբիլիզը մասնակցում է խարդավանքների։
«Ես շատ եմ ափսոսում, որ Արասը մասնակցում է Ջիվանի («Ուրարտու» ֆուտբոլային ակումբի սեփականատեր-նախագահ Ջևան Չելոյանցը-հեղ.) նման անհայտ ծագում ունեցող ինտրիգանի խարդավանքներին»,-ասել է Հայրապետյանը։
Ըստ նրա՝ ՀՖՖ ներկայիս նախագահ Արմեն Մելիքբեկյանը լեգիտիմ չէ։
«Նախ Ձեզ ասեմ՝ այդ Արմենչիկը լեգիտիմ չէ, քանի որ անցած ընտրությանն իրավունք չուներ մասնակցելու, կանոնակարգի խախտմամբ է ընտրվել: Արասը շատ լավ մարդ է և ֆուտբոլիստ, ամեն ինչի էլ արժանի է, բայց ափսոսում եմ, որ չհասկանալով՝ մասնակցում է այս կլոունադային։ Այսքանը»,- հավելեց Ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահը։