ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի՝ COP29 Կողմերի համաժողովի 29-րդ նստաշրջանը տեղի կունենա Ադրբեջանում։
Այս մասին COP28-ի նախագահ Սուլթան Ալ Ջաբերը հայտարարել է COP28-ի եզրափակիչ նստաշրջանի լիագումար նիստում։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի նախագահի աշխատակազմի համատեղ հայտարարության մեջ նշվում էր, որ որպես բարի կամքի քայլ` Հայաստանի Հանրապետությունն իր աջակցությունն է հայտնում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանը («COP29») հյուրընկալելու նպատակով Ադրբեջանի Հանրապետության ներկայացրած հայտին և հանում է իր թեկնածությունը:
«Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը հույս են հայտնում, որ Արևելյան Եվրոպայի խմբի մյուս պետությունները նույնպես կաջակցեն հյուրընկալելու նպատակով Ադրբեջանի Հանրապետության ներկայացրած հայտին: Որպես բարի կամքի քայլ` Ադրբեջանի Հանրապետությունն իր աջակցությունն է հայտնում Արևելյան Եվրոպայի խմբի «COP»-ի բյուրոյին անդամակցելու համար առաջադրված` Հայաստանի Հանրապետության թեկնածությանը»,-ասված էր հայտարարության մեջ: