Հետևեք մեզ։

Երևանի քաղաքապետարանի միջադեպից 20 օր անց. ուր են մեղադրյաները. «Ժողովուրդ»

09:39, 12 դեկտեմբեր 2023
Երևանի քաղաքապետարանի միջադեպից 20 օր անց. ուր են մեղադրյաները. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երեւանի քաղաքապետարանի աղմկահարույց միջադեպից անցել է 20 օր, սակայն որեւէ մեկին մեղադրանք առաջադրված չէ, այսինքն՝ ո՛չ անախորժություն հրահրող, ո՛չ թեժացնող ավագանու անդամները, ո՛չ էլ միջանցքներում ծեծ կազմակերպած թաղապետերը պատասխանատվության չեն կանչվել: Երեւանի ընտրյալները ընդհուպ հայհոյեցին միմյանց ուղիղ եթերում հանրային հարթակում, բայց որեւէ տեղաշարժ չկա այս գործում:

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Քննչական կոմիտեն Երեւանի քաղաքապետարանի միջադեպի քրեական գործով ուսումնասիրում է լրատվամիջոցների կողմից հրապարակված տեսանյութերը , որից հետո երկու անգամ հարցաքննության էր հրավիրել Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանին եւ վերջ: Դատելով իրավիճակից՝ այս միջադեպը կարժանանա Ազգային ժողովում պատգամավորների միջեւ գրանցված ծեծի միջադեպի ճակատագրին, որը Հակակոռուպցիոն կոմիտեն կարճեց:

 

Հիշեցնենք՝ ՀՀ ոստիկանությունից հաղորդում էր ստացվել այն մասին, որ 2023 թվականի նոյեմբերի 21-ին՝ Երեւանի ավագանու հերթական նիստի ժամանակ՝ ավագանու մի քանի անդամների միջեւ առաջացած տարաձայնության ընթացքում, փոխադարձ հարվածներ են հասցվել, որի ընթացքում, հասարակության նկատմամբ դրսեւորելով անհարգալից վերաբերմունք, հնչել են հայհոյանքներ՝ այդկերպ խախտելով քաղաքապետարանի բնականոն աշխատանքը:

 

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելը) եւ 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի (մի խումբ անձանց կողմից հարվածներ հասցնելը կամ բռնի այլ գործողություններ կատարելը) հատկանիշներով»:

 

 Մանրամասները թերթի այսօրվա համարում։