Հետևեք մեզ։

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ցանկացած համաձայնագիր պետք է ներառի բոլոր ապօրինի ձերբակալվածների ազատումը. Վարդանյանի սոց.հարթակի հայտարարությունը

16:26, 12 դեկտեմբեր 2023
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ցանկացած համաձայնագիր պետք է ներառի բոլոր ապօրինի ձերբակալվածների ազատումը. Վարդանյանի սոց.հարթակի հայտարարությունը

Աշխարհի 150-ից ավելի մարդասերներ, գործարարներ և քաղաքական առաջնորդներ պահանջում են  հայ բանտարկյալների ազատությունը։ Այսպիսի հայտարարություն է տարածվել Արցախի նախկին պետնախարար, այժմ Բաքվում ապօրինի ազատազրկված Ռուբեն Վարդանյանի սոցիալական էջերում։

 

«Վառելիքի, դեղորայքի և սննդամթերքի իննամսյա ապօրինի շրջափակումից հետո սեպտեմբերի 19-ին Ադրբեջանն սկսեց արյունահեղ ռազմական հարձակում՝ ներխուժելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, ինչի հետևանքով եղան հարյուրավոր զոհեր և հազարավոր վիրավորներ։ Այդ ներխուժումը հանգեցրեց այնտեղից ազգությամբ գրեթե բոլոր՝ 120,000 էթնիկ հայերի բռնի տեղահանմանը: Աշխարհի մեծ մասի համոզմամբ, կատարվածն աներկբայորեն էթնիկ զտում է: Իրավապաշտպան խմբերն Ադրբեջանի գործողությունները որակել են որպես ցեղասպանություն։

 

Հայաստան մեկնել փորձելիս ապօրինաբար կալանավորվել է հայտնի հայ բարերար, հումանիստ, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։ Նրա ձերբակալությունը մտահոգիչ է հատկապես այն պատճառով, որ նրա շնորհիվ Լեռնային Ղարաբաղին ցուցաբերվող միջազգային ուշադրությունը նրան դարձրել էր Բաքվի կառավարության թիրախ: Ռուբենը մեկն է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության այն բնակիչներից, որոնք վերջերս կամայականորեն ձերբակալվել են քաղաքական դրդապատճառներով և ապօրինաբար պահվում են կալանքի տակ։ Ձերբակալված են նաև Հանրապետության երեք նախկին նախագահները՝ Արայիկ Հարությունյանը, Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը և նախկին ու ներկա այլ պաշտոնյաներ՝ Դավիթ Բաբայանը, Լևոն Մնացականյանը, Դավիթ Իշխանյանը և Դավիթ Մանուկյանը։ Բազմաթիվ այլ հայեր ևս շարունակում են ապօրինաբար բանտարկված մնալ։ Խիստ մտահոգիչ է բանտարկյալներիառողջության և կալանքի պայմանների մասին չափազանց սուղ տեղեկատվությունը:

 

Այդ անձինք կալանավորված են ներպետական և միջազգային իրավունքի ակնհայտ խախտումներով, ներառյալ մարդու իրավունքների ՄԱԿ-ի և եվրոպական կոնվենցիաները, որոնց միացած է Ադրբեջանը: 

 

Խորը մտահոգության տեղիք են տալիս նրանց կալանքի պայմանները, ինչպես նաև ընտանիքների հետ անբավարար շփումները, կանոնավոր անկախ մշտադիտարկման կամ հյուպատոսական հասանելիության բացակայությունը և տեղական ու միջազգային իրավաբանների մուտքի մերժումը: Ադրբեջանը պետք է հարգի միջազգային իրավական չափորոշիչները և մարդու իրավունքները, որոնցից կախված են խաղաղությունն ու կայունությունը։
Յուրաքանչյուր օրը կարևոր է բանտարկյալների կյանքի համար: Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ցանկացած համաձայնագիր պետք է ներառի նրանց ազատումը։

 

Նախագահ Իլհամ Ալիևին կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել ապօրինաբար ձերբակալված բոլոր անձանց։

 

Միացե՛ք և ստորագրե՛ք նամակը: www.freearmenianprisoners.com»։

 

Վերլուծական