Հետևեք մեզ։

Հայտնաբերվել և առգրավվել են 20 կգ 415 գ քաշով թմրամիջոց

19:27, 12 դեկտեմբեր 2023
Հայտնաբերվել և առգրավվել են 20 կգ 415 գ քաշով թմրամիջոց

Դատախազը հանրային քրեական հետապնդումներ է հարուցել մաքսանենգությամբ թմրամիջոցների ապօրինի իրացում կատարած անձանց նկատմամբ:

 

Քննչական կոմիտեում քննված քրեական վարույթով և դրա շրջանակներում հսկող դատախազի կողմից մեղադրյալի հետ համագործակցության համաձայնագրի կնքման արդյունքում, պարզվել է, որ Մ.Ա.-ն, Բ.Ա.-ն և Ա.Հ.-ն, ղեկավարելով մաքսանենգությամբ թմրամիջոցների ապօրինի վաճառքով զբաղվելու նպատակով 2020 թվականին ստեղծված հանցավոր կազմակերպությունը, դրա կազմում ընդգրկել են Ն.Մ.-ին, Գ.Ա.-ին, Հ.Հ.-ին, Մ.Ա.-ին, Զ.Հ.-ին, Վ.Մ.-ին, Ս.Դ.-ին, Հ.Գ.-ին և այլ անձանց:

 

Մ.Ա.-ն, Բ.Ա.-ն և Ա.Հ.-ն կապ են ստեղծել Իրանի Իսլամական Հանրապետությունում իրացման նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ և մաքսանենգությամբ զբաղվող անձի հետ: Վերջինս ապահովել է մաքսանենգությամբ առանձնապես խոշոր չափերով տարբեր տեսակի տեղափոխումը Հայաստանի Հանրապետության տարածք և թմրամիջոցների հանձնումը հանցավոր կազմակերպության ներկայացուցիչներին, որոնք թմրամիջոցները բաժանել են տարբեր քաշերի, փաթեթավորել, տեղադրել են թաքստոցներում, ապա իրացրել ինչպես առձեռն, այնպես էլ տեղեկատվական և հեռահաղորդակցական համակարգերի կիրառմամբ:

 

Թմրամիջոցների իրացումից ստացված ֆինանսական միջոցների հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով՝ օգտագործվել են էլեկտրոնային դրամապանակներ, բանկային հաշիվներ, բուքմեյքերական ընկերությունների օգտահաշիվներ, ինչպես նաև վճարային տերմինալներ՝ անանուն կանխիկ մուտքագրումների համար: Մուտքագրված ֆինանսական միջոցները տնօրինվել են հանցավոր գործունեությանը ներգրավված անձանց կողմից. 193 էլեկտրոնային դրամապանակներ է մուտքագրվել 2 մլրդ 179 մլն 593 հազար դրամ:

 

Քրեական վարույթի շրջանակներում հայտնաբերվել և առգրավվել են 20 կգ 415 գ քաշով «Մեթամֆետամին», «Հերոին», «Կոկաին» և «Ափիոն» տեսակի թմրամիջոցներ։

 

Հանրային քրեական հետապնդումները հարուցվել են Քրեական օրենսգրքի 318-րդ և 319-րդ հոդվածների 1-ին մասերով (հանցավոր կազմակերպություն ստեղծելը, ղեկավարելը, դրան մասնակցելը), 393-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (հանցավոր կազմակերպության կողմից իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի ձեռքբերումը), 46-399-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (հանցավոր կազմակերպության կողմից առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգությանն օժանդակելը ), 296-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (հանցավոր կազմակերպության կողմից առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը)։      

 

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 

Վերլուծական