ՀՀ-ն պատրաստակամություն է հայտնում վերականգնել երկաթուղային հաղորդակցությունն Ադրբեջանի և Հայաստանի միջև նախկինում գոյություն ունեցած երկաթուղիների միջոցով։ Այս մասին դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպմանը հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
Նա նշել է այն ուղիները, որոնցով Հայաստանը նախկինում կապված է եղել Ադրբեջանի հետ։
«Առաջինը հյուսիսային ուղին է, որը կապում է Ղազախի շրջանը Տավուշի մարզի հետ, երկրորդը հարավային ուղին է, որն Ադրբեջանի արևմտյան շրջանները կապում է Նախիջևանի հետ։ Մենք կարծում ենք, որ Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանի և արտաքին աշխարհի հետ կարող են կապվել նաև հյուսիսային ուղիով»,-ասել է Փաշինյանը և հավելել է, որ այս մասին արդեն իսկ պաշտոնապես հայտնել են։