Հետևեք մեզ։

Ադրբեջանում պահվող լիբանանահայ գերի Վիգեն Էուլջեքջյանի ընտանիքը հայտարարություն է տարածել

10:49, 14 դեկտեմբեր 2023
Ադրբեջանում պահվող լիբանանահայ գերի Վիգեն Էուլջեքջյանի ընտանիքը հայտարարություն է տարածել

Ադրբեջանում պահվող լիբանանահայ գերի Վիգեն Էուլջեքջյանի ընտանիքը հայտարարություն է տարածել:

Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Անցեալ Հինգշաբթի օր կատարուած, Հայաստանի և Ազրպէյճանի համատեղ յայտարարութեան հրապարակումէն, որուն միջոցաւ պարզ դարձաւ, որ պայմանաւորուածութիւն գոյացած է կողմերուն միջեւ, ըստ որուն Պաքուն ազատ պիտի արձակէ 32 հայ կալանաւորներու (26 զինուորական և 6 քաղաքացիական անձ), Երևանի կողմէն երկու Ազրպէյճանցի զինուորներու ազատ արձակման դիմաց, մեզի մէկէ աւելի կողմեր տեղեկացուցին, որ 2020 թուականի Նոյեմբերէն ի վեր  կալանաւորուած Վիգէն Իւլճէքեանի անունը ներառուած է ազատ արձակուողներու ցուցակին մէջ, որ նաեւ հրապարակուեցաւ զանազան լրատուամիջոցներու կողմէ:

Սակայն այսօր, կէսօրէ առաջ մենք զարմանքով տեղեկացանք, որ փոխանակուածներուն մէջ Վիգէնը պիտի չըլլայ, և անոր անունը փոխարինուած է մէկ այլ հայ գերիի անունով։ Արդարեւ յետմիջօրէին փոխանակման գործողութեան իրականացմամբ մենք հասկցանք, որ Վիգէնը չկայ ազատագրուած գերիներուն շարքին մէջ:

Այս առիթով մենք կոչ կ՛ուղղենք բոլոր շահագրգիռ երկրներուն և մարդասիրական հաստատութիւններուն, որոնց մէջ առաջինը կու գայ Լիբանանը, որուն զինուորական հաստատութեան զաւակն էր Վիգէնը, ինչպէս նաեւ  Հայաստանին, աշխատիլ՝ արագ կերպով ներառել Վիգէնի  անունը այս փոխանակման յաջորդող ազատ արձակման առաջին իսկ գործարքին մէջ»:

Նշենք, որ լիբանանահայ գերու անուն-ազգանունը նշված էր Հայաստան վերադարձող գերիների՝ ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներում նախապես հրապարակված ցուցակներում, սակայն վերջին պահին նրա փոխարեն հայկական կողմին հանձնվել է սեպտեմբերին Արցախից գերեվարված Արեն Իսանյանը, որի անունը նախապես նշված չի եղել ցուցակում։

Հայաստանի վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի նախագահի աշխատակազմը համատեղ հայտարարություն էին տարածել, համաձայն որի՝ Ադրբեջանն ազատ է արձակում 32 հայ, Հայաստանը՝ 2 ադրբեջանցի գերիների:

Գերիների փոխանակումը տեղի է ունեցել երեկ։