ՀՀ կառավարությունը ընդունեց որոշում Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի նիստերի և համատեղ աշխատանքային հանդիպումների կազմակերպման և անցկացման աշխատակարգի վերաբերյալ։
Որոշմամբ սահմանվում է, որ նիստերը և համատեղ աշխատանքային հանդիպումները Հանձնաժողովների նախագահների համաձայնեցմամբ, որպես կանոն, անցկացվելու են հաջորդաբար՝ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության տարածքներում կամ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին կամ երրորդ երկրների տարածքում կամ տեսակոնֆերանսի ձևաչափով։
Հանձնաժողովներով ներկայացված պետությունների պաշտոնատար անձինք զերծ են մնալու Նախագահների կողմից ստորագրված արձանագրություններին որևէ հանրային, պաշտոնական հղում կատարելուց, եթե արձանագրությունը կրում է «Գաղտնի» դրոշմագիրը։
Որպես կանոն, նիստերի և համատեղ աշխատանքային հանդիպումների արդյունքներով կազմվելու և հրապարակվելու են ԶԼՄ-ների համար հաղորդագրություններ, որոնց բովանդակությունը հաստատվելու է Հանձնաժողովների նախագահների կողմից։ ԶԼՄ-ների համար հաղորդագրությունների համաձայնեցված տեքստերը Հանձնաժողովները հրապարակում են միաժամանակ։