Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկել են ռուս-հայկական հարաբերություններին, ինչպես նաև ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահությանը վերաբերող հարցեր: Այս մասին ասվում է ՌԴ կառավարության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։
«Այցի ընթացքում Ալեքսեյ Օվերչուկին ընդունել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ում հետ քննարկել են ռուս-հայկական հարաբերությունների ընթացիկ հարցեր՝ Ռուսաստանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների շրջանակում»,- ասված է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, կողմերը քննարկել են ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության զարգացումը և 2024 թվականին միության մարմիններում նախագահության փոխանցումը Ռուսաստանից Հայաստանին։ Այս կապակցությամբ Օվերչուկը հույս է հայտնել, որ ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության տարում պետությունները կկարողանան շարունակել համատեղ աշխատանքը ԵԱՏՄ-ի և ԱՊՀ-ի շրջանակներում երկկողմ և բազմակողմ ձևաչափերում՝ ուղղված ընդհանուր եվրասիական տարածաշրջանի կայուն զարգացմանը։
Զրույցի ընթացքում Փաշինյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և նշել, որ պատրաստ է բացել տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքները՝ հիմնվելով ինքնիշխանության, իրավասության, իրավահավասարության և փոխադարձության սկզբունքների վրա, նշում է ՌԴ կառավարությունը։