ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի (ՄԴՊ) վարչության «Զվարթնոց» բաժնի և Արևմտյան մաքսատուն-վարչության ուղևորների մաքսային հսկողության բաժնի աշխատակիցները մշտապես ուշադրության կենտրոնում են պահում Հայաստանի Հանրապետության օդային սահմանով սահմանված կարգի խախտմամբ տեղափոխվող կանխիկ դրամական միջոցների տեղափոխման դեպքերը։ Համատեղ բացահայտվել է ՀՀ պետական սահմանով առանձնապես խոշոր չափի գումարի մաքսանենգության դեպք:
ՀՀ ՊԵԿ-ից հայտնում են, որ դեկտեմբերի 14-ին ՊԵԿ ՄԴՊ վարչության «Զվարթնոց» բաժնի և Արևմտյան մաքսատուն վարչության աշխատակիցները համատեղ, մաքսային հսկողության «կանաչ ուղու» գիծը հատելուց հետո, իրենց լիազորություններն իրականացնելիս «Զվարթնոց» օդանավակայանի ուղևորային համալիրի մաքսային հսկողության գոտում զննման են ենթարկել Միլան-Երևան չվերթով ժամանած ՀՀ և ՌԴ քաղաքացի Վ․Ա․-ին պատկանող ուղեբեռը։ Իրականացված մաքսային հսկողության արդյունքում, բացի անձնական օգտագործման ապրանքներից, հայտնաբերվել է չհայտարարագրված մեկ միլիոն ԱՄՆ դոլար գումար, որից 1000 հատը 50 ԱՄՆ դոլար անվանական արժեքով թղթադրամներ են եղել, 9500 հատը` 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով թղթադրամներ։
Ըստ աղբյուրի՝ փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածի հատկանիշներով կազմվել է մաքսանենգության դեպքի վերաբերյալ արձանագրություն և նյութերի հետ միասին տրամադրվել ՀՀ քննչական կոմիտեին։
Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: