Հետևեք մեզ։

Սնանկության դատարանի դատավոր է ձերբակալվել․ նա Դատական դեպարտամենտի նախկին ղեկավարի եղբայրն է

21:44, 15 դեկտեմբեր 2023
Սնանկության դատարանի դատավոր է ձերբակալվել․ նա Դատական դեպարտամենտի նախկին ղեկավարի եղբայրն է

Գլխավոր դատախազի տեղակալի որոշմամբ՝ Սնանկության դատարանի դատավոր Տ.Փ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար (Քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետեր):

 

Որոշումն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե. դատավորին ներկայացվել է մեղադրանք: Դատավորը ձերբակալվել է:

 

Նշենք, որ ՀՀ գլխավոր դատախազը 2023 թվականի դեկտեմբերի 14-ին միջնորդություն է ներկայացրել Բարձրագույն դատական խորհուրդ՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 51-րդ և 161-րդ հոդվածների հիման վրա՝ դատավորի լիազորությունների իրականացման կապակցությամբ նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու, դատավորին ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու միջնորդությամբ: 

 

Բարձրագույն դատական խորհուրդը, Դատական օրենսգրքով նախատեսված ընթացակարգով, հրավիրել է նիստ և բավարարել Սնանկության դատարանի դատավոր Տ.Փ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունները:

 

Hayastan.news-ը հայտնում է, որ ձերբակալված դատավորը 41 տարեկան է, նա Դատական դեպարտամենտի նախկին ղեկավար Կարեն Փոլադյանի եղբայրն է։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: