«Հրապարակ» թերթը գրում է. «Ալավերդիում մոտ մեկ շաբաթ առաջ տեղական իշխանությունը զավթած ՔՊ ավագանին երկուշաբթի՝ դեկտեմբերի 18-ին, ավագանու նիստ է հրավիրել, որի օրակարգում 37 հարց կա, այդ թվում` համայնքային պաշտոններում նշանակումներ, մասնավորապես` համայնքի ղեկավարի տեղակալների։
Չնայած ՔՊ-ականները մեկ տարուց ավելի քննադատում էին ընտրված համայնքի ղեկավար Արկադի Թամազյանին` 3 տեղակալ նշանակելու համար, հիմա իրենք են գնում այդ ճանապարհով։ Ընդ որում՝ փոխքաղաքապետներից մեկի պաշտոնում նախատեսել են Ալավերդիում հայտնի կիսագողական՝ հանրության շրջանում առավել հայտնի Սանահինցի Արմենչիկին։
Ի դեպ, մենք տեղեկություններ ունեինք, որ ՔՊ-ի կողմից համայնքի ղեկավար դարձած Դավիթ Ղումաշյանն ու իր թիմակիցները զոռբայությամբ համայնքապետի պաշտոնը զավթելուց հետո համայնքապետարան աշխատանքի չեն գնում, քանի որ համայնքի ղեկավարի աշխատասենյակում իր աշխատանքներն է շարունակում Թամազյանը, ում մոտ է նաեւ կնիքը, սակայն երեկ Ղումաշյանը մեզ ասաց, թե գնում են աշխատանքի: Երբ կրկնեցինք. այս պահին՝ աշխատանքային ժամին, Դուք համայնքապետարանո՞ւմ եք, համայնքի ղեկավարի աշխատասենյակում, Ղումաշյանն ասաց, որ զբաղված է ու չի կարող խոսել»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում։