Արաս Օզբիլիզիը, ով իր թեկնածությունն է առաջադրել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում, մի քանի անգամ հայտարարել է, որ ամեն ինչ անելու է՝ Հենրիխ Մխիթարյանին ազգային հավաքական վերադարձնելու համար։
Aysor.am-ը Օզբիլիզից հետաքրքրվեց, թե արդյո՞ք այդ մասով պայմանավորվածություն կա Մխիթարյանի հետ, այդ հարցը քննարկվե՞լ է։
«Խոսքն ինչ-որ պայմանավորվածություններ ձեռք բերելու մասին չէ։ Հենրիխն այն մակարդակի ֆուտբոլիստ է, որ ինքն է որոշում, թե որտեղ խաղա։ Ես իր հետ անընդհատ կապի մեջ եմ և շնորհակալ եմ իմ ընկերոջը, որը իմ կողքին է, քաջալերում և աջակցում է։ Վերջին հարցազրույցներում պարբերաբար ասել, հիմա էլ վերահաստատում եմ, որ իմ ուժերի ներածին չափով ամեն բան անելու եմ, որ Հենրիխ Մխիթարյանի նման ֆուտբոլիստները մինչև իրենց կարիերայի ավարտը խաղան հավաքականում: Իհարկե, շատ ուրախ կլինեմ, որ Հենրիխն Ազգային հավաքական վերադառնա։ Նա փայլուն օրինակ է և մեր երիտասարդների համար ապացույց, որ հայկական ֆուտբոլը կարող է համաշխարհային աստղեր ունենալ»,-ասաց նա: