Մոսկվայի «Սադովոդ» շուկայում դեկտեմբերի 15-ի երեկոյան բախում է տեղի ունեցել միգրանտների և ոստիկանների միջև, որի ժամանակ ՆԳՆ-ն մի քանի կրակոց է արձակել օդ, ավելի քան 80 մարդ բերման է ենթարկվել։
Ձերբակալվածների առնչությամբ վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ են կազմվել «մանր խուլիգանություն» և «միգրացիոն օրենսդրության խախտում» հոդվածներով։ Ոստիկանի վրա հարձակվելու մեջ կասկածվող ձերբակալվածներից մեկի նկատմամբ քրեական գործ է հարուցվել «Իշխանության ներկայացուցչին վիրավորելու» (ՌԴ ՔՕ 319 հոդված) և «բռնություն գործադրելու» հոդվածներով։
Տելեգրամյան ալիքները, վկայակոչելով ականատեսներին, հայտնում են, որ միգրանտների և ոստիկանների միջև կոնֆլիկտը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ոստիկանությունը փորձել է ստուգել միգրանտ վարորդի փաստաթղթերը։
Մեքենան վարող երիտասարդը չի ենթարկվել ոստիկանների պահանջներին և փորձել է փախչել։ Միգրանտին բերման ենթարկելու փորձից հետո ոստիկանական մեքենաները շրջապատվել են տասնյակ միգրանտներով։ Հավաքվածները սկսել են բղավել ու հրել իրավապահներին, որոնք պատասխանել են երկու նախազգուշական կրակոց օդ արձակելով։
Վերջին մի քանի ամիսների ընթացքում Ռուսաստանի տարբեր քաղաքներում ոստիկանական խուզարկություններ են տեղի ունենում ձեռնարկություններում, որտեղ մեծ թվով միգրանտներ են աշխատում։ Որպես կանոն, նման արշավանքներն ավարտվում են վերջերս ՌԴ քաղաքացիություն ստացած միգրանտներին զինկոմիսարիատ հանձնելով։
Օգոստոսի սկզբին Սանկտ Պետերբուրգում ոստիկանությունը խուզարկություն է իրականացրել բանջարեղենի պահեստում և մոտ 100 միգրանտի, ովքեր ընդունել են ՌԴ քաղաքացիություն, զինկոմիսարիատ են տարել։