Հետևեք մեզ։

Բերվել է 50 միավոր նոր՝ մայթ մաքրող տեխնիկա, որը բաշխվել է վարչական շրջանների միջև. Կամո Արեյան

11:14, 18 դեկտեմբեր 2023
Բերվել է 50 միավոր նոր՝ մայթ մաքրող տեխնիկա, որը բաշխվել է վարչական շրջանների միջև. Կամո Արեյան

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ընթացքում քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը զեկուցեց մայրաքաղաքում ձյան տեղումներով պայմանավորված՝ կատարված աշխատանքների վերաբերյալ:

 

Նշվեց, որ ձյունը տեղացել է հատկապես մայրաքաղաքի հյուսիսային հատվածում՝ Քանաքեռ-Զեյթունում, Արաբկիրի հյուսիսային հատվածում, Ավանում, Նոր Նորք վարչական շրջանում, Նորք-Մարաշում:

 

«Տեխնիկան նախապես պատրաստ էր, խառնուրդը՝ նույնպես, որևէ խնդիր չենք ունեցել: Ճանապարհները մշակվել են»,- տեղեկացրեց Արեյանը՝ հավելելով, որ գիշերը ջերմաստիճանը իջել է՝ հասնելով 3 աստիճան ցրտի:

 

Նրա խոսքով՝ առավոտյան ճշտել է՝ «Ավտոբուս» ՓԲԸ-ն որևէ խնդիր չի ունեցել, Պարեկային ծառայության ղեկավարը նույնպես որևէ խնդիր չի մատնանշել:

 

«Վարչական շրջանների ղեկավարները բոլորը եղել են տեղում, հերթապահություն են սահմանել: Տեղումները թույլ են եղել, առաջին ձյունն էր՝ որպես այդպիսին, նորմային քիչ թե շատ մոտեցող»,- ասաց Արեյանը:

 

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հորդորեց ուշադիր լինել ոչ միայն ճանապարհների, այլև մայթերի նկատմամբ:

 

Քաղաքապետի ճշտող հարցին՝ արդյոք ունեցած տեխնիկան բավարա՞ր է, Արեյանը տեղեկացրեց՝ բերվել է 50 միավոր նոր՝ մայթ մաքրող տեխնիկա, որը բաշխվել է վարչական շրջանների միջև, նաև փոքր տրակտորներ, նաև 760 հոգուց բաղկացած անձնակազմը կզբաղվի ձնամաքրման աշխատանքներով: