Հյուսիսային Կորեան դեկտեմբերի 17-ին փոքր հեռահարության հրթիռ է արձակել, որից մի քանի ժամ անց՝ դեկտեմբերի 18-ի վաղ առավոտյան, երկիրը միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ է արձակել։ Հրթիռների արձակումն արձանագրել են Հարավային Կորեան և Ճապոնիան։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ BBC-ն նշում է, որ Փհենյանի այս քայլին նախորդել էր անցյալ շաբաթ Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի պաշտոնյաների հանդիպումը, որի նպատակն էր քննարկել ԿԺԴՀ-ից եկող միջուկային սպառնալիքներին արձագանքը։ Դրան ի պատասխան՝ Փհենյանը հայտարարել էր, որ «ավելի հարձակողական հակամիջոցներ կձեռնարկի»։
Դեկտեմբերի 18-ի արձակումը տեղի է ունեցել տեղի ժամանակով 08։24-ին։ Հրթիռը 73 րոպեում անցել է 1000 կմ, որից հետո ընկել է ծովը՝ Հոկայդոյից արևմուտք։
Արձակումից հետո ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հեռախոսազրույց է ունեցել Կորեայի Հանրապետության և Ճապոնիայի իր պաշտոնակիցների հետ։ Կողմերը դատապարտել են ԿԺԴՀ-ի միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի փորձարկումը՝ դա անվանելով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի «բազմաթիվ բանաձևերի կոպիտ խախտում»։
Իր հերթին Yonhap գործակալությունը հաղորդում է, որ Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլը կարգադրել է ԱՄՆ-ի և Ճապոնիայի հետ համատեղ արձագանքել հրթիռի արձակմանը։
Այս տարվա ընթացքում սա Հյուսիսային Կորեայի կողմից արձակված արդեն հինգերորդ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռն է։