Եվրամիությունը երկուշաբթի օրը՝ դեկտեմբերի 18-ին, կընդունի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 12-րդ փաթեթը, գրում է Financial Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Հրատարակության համաձայն՝ պատժամիջոցների փաթեթը համաձայնեցվել է այն բանից հետո, երբ Ավստրիան զիջումներ է ստացել Ուկրաինայից՝ ավստրիական Raiffeisen բանկի՝ որպես «պատերազմի հովանավոր» կարգավիճակի վերաբերյալ:
Հանգստյան օրերին Ուկրաինայի իշխանությունները հայտարարեցին, որ բանկը ժամանակավորապես հանել են «սև ցուցակից» Եվրահանձնաժողովի (ԵՀ) ներկայացուցիչների մասնակցությամբ խորհրդակցությունների ժամկետի համար։
Վիեննան պաշտոնապես ասել է անդամ մյուս երկրներին, որ իր իրավաբաններին ավելի շատ ժամանակ է պետք առաջարկված միջոցները գնահատելու համար, սակայն ԵՄ մի քանի դիվանագետներ պնդում են, որ իրական խնդիրը բանկի շուրջ ստեղծված իրավիճակն է:
Քանի որ ԵՄ անդամ մնացած 26 երկրներն արդեն ստորագրել են պատժամիջոցների փաթեթը, FT-ի աղբյուրներն ասում են, որ նոր միջոցները կհաստատվեն այսօր:
ԵՄ պատժամիջոցների դեռևս պաշտոնապես հրապարակված 12-րդ փաթեթի ամենաուշագրավ նորությունը կլինի Ռուսաստանից ադամանդի ներկրման արգելքը։
ԵՄ-ն նաև կուժեղացնի ռուսական նավթի «գնային առաստաղի» պահպանման նկատմամբ վերահսկողությունը։ Ալյումինն առաջին անգամ կենթարկվի սահմանափակող միջոցների, արգելքը կազդի նաև ռուսական մետաղալարերի, փայլաթիթեղի և խողովակների արտահանման վրա, գրում է FT-ն։
Նոր փաթեթը կթուլացնի Ռուսաստանից շքեղ ապրանքների ներմուծման վերահսկողությունը, նշում է հրատարակությունը։ ԵՄ երկրների քաղաքացիներին թույլ կտան Ռուսաստանից հեռանալիս պահել իրենց անձնական ավտոմեքենաները։