Հետևեք մեզ։

Ովքեր են Ադրբեջանի նախագահի պաշտոնում առաջադրված թեկնածուները

13:05, 18 դեկտեմբեր 2023
Ովքեր են Ադրբեջանի նախագահի պաշտոնում առաջադրված թեկնածուները

Ադրբեջանում 2024 թվականի փետրվարի 7-ին կկայանան արտահերթ նախագահական ընտրություններ։ Մինչ այս պահը առաջադրվել է նախագահի 7 թեկնածու։ Hayastan.news-ը ներկայացնում է՝ ովքեր են թեկնածուները։

 

Ադրբեջանի ներկայիս նախագահ Իլհամ Ալիևի թեկնածությունը Ադրբեջանի նախագահի պաշտոնում առաջադրել է այդ երկրում իշխող «Նոր Ադրբեջան» («Յենի Ազերբայջան») կուսակցությունը։

 

Զահիդ Օրուջը եևս առաջադրվել է Ադրբեջանի նախագահի պաշտոնում։ Նա Ադրբեջանի Սոցիալական հետազոտությունների կենտրոնի վարչության նախագահն է, նաև պատգամավոր՝ «Մայր Հայրենիք» կուսակցությունից։

 

Հաջորդ թեկնածու Գուդրաթ Հասանգուլիևը Ադրբեջանի ընդդիմադիր «Ադրբեջանի միացյալ ժողովրդական ճակատ» կուսակցության նախագահն է, նաև պատգամավոր։ Նշենք, որ նա այսօր հայտարարել է կուսակցության վերանվանման մասին։ Այսուհետ կուսակցությունը կկոչվի «Արդարություն, իրավունք, ժողովրդավարություն»։

 

«Մեծ Ադրբեջան» կուսակցությունից երկրի նախագահի պաշտոնում առաջադրվել է Էլշադ Մուսաևը։ Նա բազմիցս հայտարարել է Իլհամ Ալիևի վարած քաղաքականությանն աջակցելու մասին։

 

Ադրբեջանի նախագահի թեկնածու է առաջադրվել նաև «Ազգային ճակատ կուսակցության» նախագահ Ռազի Նուրուլլաևը։ Միլլի Մեջլիսի պատգամավոր է 2020 թվականից։

 

Ադրբեջանի Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցության նախկին նախագահ Ֆուադ Ալիեւը ևս առաջադրվել է որպես նախագահի թեկնածու։ Ընտրություններին մասնակցելու է որպես անկախ թեկնածու, ստեղծվել է «Քաղաքացիների միություն» անունով նախընտրական շտաբ։

 

Ադրբեջանի «Մեծ կազմակերպություն» կուսակցության նախագահ Ֆազիլ Մուստաֆան ևս առաջադրել է իր թեկնածությունը։  Նա 2023 թվականին ենթարկվել է մահափորձի։ Պետական անվտանգության ծառայությունը տեղի ունեցածն ահաբեկչություն էր որակել, արտգործնախարարությունն էլ հայտարարել էր, թե մահափորձի հետքերը տանում են դեպի Իրան:

 

Նշենք նաև, որ ադրբեջանական աղբյուրները հայտնում են, թե ընդդիմադիր «ՌԵԱԼ» կուսակցության ղեկավար Իլգար Մամեդովը ևս առաջադրվել է Ադրբեջանի նախագահի պաշտոնում, սակայն մինչ այս պահը տեղեկությունը պաշտոնապես չի հաստատվել։