Դեկտեմբերի 23-ին կկայանան ՀՖՖ նախագահի ընտրությունները: «Արմենպրեսը» գործող նախագահ և ՀՖՖ նախագահի թեկնածու Արմեն Մելիքբեկյանին հարցրել է, թե ինչպիսի՞ մրցակից է իր համար Արաս Օզբիլիզը և ինչո՞ւ է ցանկանում վերընտրվել այդ պաշտոնում:
Չեմ կարող ասել, որ ՀՖՖ նախագահի պաշտոնում վերընտրվելու որոշումը հեշտ է եղել: Շատերը դրան, իհարկե, չեն հավատա: Ամեն օր աշխատելով ՀՖՖ-ում՝ տեսնում եմ, որ դեռ անելիքներ ունենք, որոնք պետք է ավարտենք: Ինչ վերաբերվում է Արաս Օզբիլիզին, ապա ես իրեն շատ հարգում եմ, շատ լավ ֆուտբոլիստ էր, բայց ես կարծում եմ, որ իր որոշման հետևում ինքը չէ կանգնած: Կանգնած են իր ակումբի այլ մարդիկ: Ես Արասի նկատմամբ շատ դրական վերաբերմունք ունեմ որպես ֆուտբոլիստի, որպես հայկական ֆուտբոլին շատ բան տված խաղացողի, բայց քանի որ Արասը մինչև վերջերս գործող ֆուտբոլիստ էր, նա չի կարող ունենալ ֆուտբոլային մենեջմենթի այն որակները, որոնք նրան թույլ կտային հավակնել ՀՖՖ նախագահի պաշտոնին: