Հետևեք մեզ։

Պետական պահպանության ծառայության պետն ու տեղակալները զենք և ֆիզիկական ուժ կիրառելու իրավունք կունենան․ ի՞նչ փոփոխություններ է առաջարկվում նախագծով

00:11, 19 դեկտեմբեր 2023
Պետական պահպանության ծառայության պետն ու տեղակալները զենք և ֆիզիկական ուժ կիրառելու իրավունք կունենան․ ի՞նչ փոփոխություններ է առաջարկվում նախագծով

Պետական պահպանության ծառայությունն նախագիծ է ներկայացրել, համաձայն որի՝ փոփոխություն և լրացում է առաջարկում «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում։ Այս մասին Hayastan.news-ը տեղեկանում է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքից։

 

Ըստ նախագծի՝ կարգավորվում են ծառայության պետի լիազորությունները, ծառայության պետի և պետի տեղակալների կողմից ֆիզիկական ուժ գործադրելու, հատուկ միջոցներ և զենք կրելու, պահելու և կիրառելու հետ կապված իրավահարաբերությունները, ինչպես նաև ծառայությունում ծառայության անցման հետ կապված մի շարք այլ իրավահարաբերություններ:

 

Ըստ նախագծի՝ ծառայության պետը և ծառայության պետի տեղակալները իրավունք կունենան գործադրելու ֆիզիկական ուժ, կրելու, պահելու և կիրառելու հատուկ միջոցներ, ինչպես նաև զենք։ Ծառայության պետին և ծառայության պետի տեղակալներին կրելու, պահելու և կիրառելու իրավունքով հատկացվում են ծառայության տնօրինության տակ գտնվող հատուկ միջոցներ և զենք: Ծառայության պետին և ծառայության պետի տեղակալներին հատուկ միջոցներով և զենքով ապահովելու կարգը, հատուկ միջոցների, զենքի ու ռազմամթերքի ցանկը, հատուկ միջոցների և զենքի հետ անվտանգ վարվելու կանոնները, ինչպես նաև հատուկ միջոցների և զենքի կիրառման ուսուցման կազմակերպման կարգը սահմանում է ծառայության պետը:

 

Առաջարկվում է՝

․Ծառայության ծառայողներին իրավունք վերապահել վերջիններիս կողմից պահպանական միջոցառումների իրականացման ժամանակ օգտագործել նաև ֆիզիկական անձանց և կազմակերպություններին պատկանող տրանսպորտային միջոցները.

․Ծառայությունում ներդնել ծառայության անցնող քաղաքացիների կողմից երդում տալու վերաբերյալ դրույթ, ինչը կբարձրացնի վերջիններիս պատասխանատվությունը զինվորական պատքի և պարտականությունների կատարման համար անձնական պատասխանատվության գիտակցություն

․Ծառայության ծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական պաշտպանվածությունն իրականացնել ազգային անվտանգության մարմիններում ծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության հարաբերությունները կարգավորող օրենսդրությանը համապատասխան, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին ապահովել որակյալ բժշկական օգնությամբ՝ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության գերատեսչական ռազմաբժշկական հաստատությունում.

․կկանոնակարգվեն ծառայության պետին և պետի տեղակալների կողմից ֆիզիկական ուժ գործադրելու, հատուկ միջոցներ և զենք կրելու, պահելու և կիրառելու հետ կապված իրավահարաբերությունները։