Հետևեք մեզ։

«Իմ քայլը» հիմնադրամն անունները չի՞ հրապարակում, թե՞ «մուծվողներն » են պակասել. «Հրապարակ»

09:34, 19 դեկտեմբեր 2023
«Իմ քայլը» հիմնադրամն անունները չի՞ հրապարակում, թե՞ «մուծվողներն » են պակասել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Վարչապետի կնոջ` Աննա Հակոբյանի հիմնադրած «Իմ քայլը» հիմնադրամին տրվող նվիրատվությունները խիստ կրճատվել են․ այն 6 ամիս է՝ նվիրատվության երես կա՛մ չի տեսել, կա՛մ նվիրատվությունների մասին տեղեկատվությունն այլեւս չի տեղադրվում կայքում:

 

Հիշեցնենք, որ հիմնադրամը ներկայում ղեկավարում է իմքայլական նախկին պատգամավոր, սփյուռքի վերջին նախարար Մխիթար Հայրապետյանը։ Վերջին նվիրատվությունը, ըստ կայքի, սփյուռքից է եղել` հուլիս ամսին, իսկ նվիրատուն ՌԱԿ Արեւմտյան Ամերիկայի շրջանային վարչությունն է, որը նվիրաբերել է 1 մլն 920 հազար դրամ։

 

Նվիրատուների մասին տվյալները ժամանակին կայքում պարբերաբար թարմացվում էին, իսկ եթե նվիրատուները ցանկանում էին անանուն մնալ, ապա գումարը հրապարակվում էր, դիմացը գրվում էր՝ անանուն: Քանի որ Աննա Հակոբյանի օգնականների, հիմնադրամի աշխատակազմի հետ կապվել չի հաջողվում, մենք հրապարակավ հարց կուղղենք` վերջին 6 ամսում ինչ գումարներ են փոխանցվել, ովքեր են փոխանցողները, տեղեկատվությունը որոշել են չհրապարակե՞լ, թե՞ «մուծվողներն» են պակասել»:

 

Մանրամասները թերթի այսօրվա համարում։