Թեև Մոսկվայում ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների հավաքին պաշտոնական Երևանն այսօր մասնակցեց փոխվարչապետի մակարդակով, վաղը Ռուսաստանի մայրաքաղաքում մեկ այլ՝ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի նիստը կանցնի առանց հայկական կողմից որևէ ներկայացուցչի:
Ազգային ժողովից «Ազատության»-ը վերահաստատեցին՝ Մոսկվա չի մեկնի ոչ միայն խորհրդարանի խոսնակը, այլ նաև՝ Ազգային ժողովի պատվիրակությունը: Ալեն Սիմոնյանն ավելի վաղ հայտարարել էր՝ պատճառը ՀԱՊԿ-ից Երևանի դժգոհություններն են:
«Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք ներխուժել են երրորդ երկրի ուժեր, և ՀԱՊԿ-ը նույնիսկ քաղաքական գնահատական չի տվել՝ գնանք այնտեղ ինչի՞ համար», - նշել է Ալեն Սիմոնյանը:
Այդուհանդերձ, հայկական կողմի բացակայությամբ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի վաղվա նիստում կքննարկվի նաև ՀԱՊԿ միասնական ՀՕՊ համակարգ ստեղծելու հարցը: Դրա ստեղծման մասին հայտնի դարձավ նոյեմբերի 22-ին Մինսկում տեղի ունեցած ՀԱՊԿ երկրների ղեկավարներ հավաքից հետո, որին Հայաստանի վարչապետը չմասնակցեց:
Այդ օրը ՀԱՊԿ-ը տասնյակից ավելի փաստաթղթեր է ընդունել։ Սպասվում է, որ կառույցի գլխավոր քարտուղարը կայցելի Երևան և հայկական կողմին կփոխանցի դրանք, որպեսզի Հայաստանը ևս միանա դրանց