Հետևեք մեզ։

Սերժ Սարգսյանին հրավիրեք, թող պատասխանի. Փաշինյանը` Պետրոս Ղազարյանի հարցին ի պատասխան

23:49, 19 դեկտեմբեր 2023
Սերժ Սարգսյանին հրավիրեք, թող պատասխանի. Փաշինյանը` Պետրոս Ղազարյանի հարցին ի պատասխան

 

Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը, որը ներկայացնում ենք հատվածաբար.

 

Պետրոս Ղազարյան - Մեկ այլ թեմա էլ` Ղարաբաղի պետական ինստիտուտները: Ես լսում էի վերջերս Սերժ Սարգսյանին, նա ասում է, որ մի ստորագրությունով չի կարող այդ պետությունը վերանալ, իշխանությունն էլ հավերժ չէ և այդ ինստիտուտները պետք է գործեն: Շատերը կան, որ հիմնավորում են, որ Հայաստանում պետք է այդ պետական ինստիտուտները գործեն:

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Սերժ Սարգսյանին հրավիրեք, թող պատասխանի:

 

Պետրոս Ղազարյան - Ես հրավիրել եմ, չի գալիս:

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Բա ես ի՞նչ անեմ:

 

Պետրոս Ղազարյան – Բանակցային պրոցեսը, պարոն վարչապետ:

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Բանակցային պրոցեսում որոշակի շարժունակություն կա: Բանակցային պրոցեսն, իմիջիայլոց, կապ ունի հարթակների հետ կապված հարցի հետ նաև: Բանակցային պրոցեսը որոշակի կանխատեսելիություն պետք է ունենա: Եվ հիմա այո, պետք է գնան բանակցություններ և այդ բանակցությունները շատ կարևոր է, որ հիմնվեն արդեն իսկ համաձայնեցված սկզբունքների վրա: Երեք սկզբունքների վրա, որոնք համաձայնեցվել են բրյուսելյան հարթակում: Մենք պատկերացնում ենք խաղաղության պրոցեսն այդպես և բանակցային գործընթացը, այո՛, շարունակվում է, այդ թվում՝ օնլայն ռեժիմով, որովհետև գիտեք` մենք Ադրբեջանին ենք մեր առաջարկները տվել, հիմա սպասում ենք իրենց կողմից արձագանքին: Իմիջիայլոց, այդ էլ ասեմ. իրենք մեզ մեղադրում էին, թե մենք երկու ամիս չենք տալիս: Դրան էլ պետք է անդրադառնանք, ի՞նչն էր դրա պատճառը, որովհետև մեր առաջարկները պատրաստ էր և առաջիկայում նախատեսվում էին անընդհատ հանդիպումներ, և մենք պետք է, բնականաբար, այդ…

 

Պետրոս Ղազարյան – Առձեռն:

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյան-- Չէ, առձեռնի մեջ չէ խոսքը, բայց իրադրությունները զարգանում են չէ՞, և նաև որոշակի ըմբռնում է պետք է ձևավորել, այդ սկզբունքները և այլն: Մեր բանակցային փաթեթը ձգձգվել է այն պատճառով, որ Ադրբեջանը չորս հանդիպում իրար վրա մերժել է, երբ հանդիպումներն այդ բանակցային փաթեթի փոխանցման պրոցեսի մաս էին: Բայց հիմա էլ բանակցությունները ես համարում եմ, որ շարունակվում են խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ, որովհետև եթե այժմ առերես քննարկել չհաջողվի կամ չի հաջողվում, այդ աշխատանքն էլ է բանակցություն, չնայած աշխատանքային մակարդակով շփումներ կան, այն շփումները, որոնց մասին խոսել ենք, գիտեք, կարող են նաև նոր շփումներ լինել: