Հետևեք մեզ։

Հայաստանին և Ադրբեջանին հաջողվեց զարմացնել աշխարհին. Հաջիև

10:32, 20 դեկտեմբեր 2023
Հայաստանին և Ադրբեջանին հաջողվեց զարմացնել աշխարհին. Հաջիև

Ադրբեջանը պատրաստ է դիտարկել հայերի վերաինտեգրման խնդրին առնչվող բոլոր դիմումները։ Այս մասին «BBC World»-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

 

«Չնայած մեր կոչերին՝ եղել են հայեր, ովքեր որոշել են լքել Ղարաբաղը։ Ադրբեջանն ապահովում է նրանց վերադարձի բոլոր հնարավորությունները, այդ թվում՝ անվտանգությունը։ Այդ իսկ պատճառով մենք ստեղծել ենք Քաղաքացիության դիմումներ ներկայացնելու հատուկ էլեկտրոնային պորտալ Նախ՝ մենք պետք է որոշենք, որ հայերի վերադարձի համար պետք է լինի համապատասխան օրենսդրական դաշտ։ Այստեղ հիմնական նախապայմաններից է Ադրբեջանի քաղաքացիության ընդունումը՝ Ադրբեջանի օրենքներին և կանոնակարգերին համապատասխան»,- ասել է նա։

 

Ըստ Հաջիևի՝ ներկայումս Ադրբեջանի և Հայաստանի միջև դիվանագիտական ​​մակարդակով բանակցություններ են ընթանում.

 

«Ադրբեջանը պատրաստ է խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ: Այդ իսկ պատճառով Ադրբեջանն առաջարկել է նաև հինգ հիմնարար սկզբունքներ և խաղաղության պայմանագրի տեքստ: Ներկայումս Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա են դիվանագիտական ​ ուղիղ բանակցություններ: Ես կարծում եմ, որ Հայաստանին և Ադրբեջանին հաջողվեց զարմացնել աշխարհին դրական օրակարգով, երբ երկու երկրները հանդես եկան համատեղ հայտարարությամբ և հայտնեցին խաղաղության օրակարգն առաջ մղելու և վստահության ամրապնդման միջոցառումներ իրականացնելու իրենց մտադրությունը»։

 

Նա նշեց, որ վերջին երեք ամիսները կարելի է համարել հայ-ադրբեջանական հարաբերությունների պատմության ամենահանդարտ շրջանը երկու երկրների անկախացումից հետո։

 

«Չկա պատերազմ, չկա դաժանություն, չկա հակամարտություն, զինվորները վերադառնում են իրենց զորանոցը, տեղում ապահովվել է հարաբերական խաղաղություն, հիմա ժամանակն է այն վերածել տեւական խաղաղության, այդ թվում՝ խաղաղության համաձայնագրի ստորագրման։ »,- ասել է Հաջիևը։