Հետևեք մեզ։

Ինչն օրինական պահանջ է, օրինական է, ժողովրդի ապրելու միջոցն է, պետք է հաշվի առնել. ՔՊ պատգամավորը հայտարարեց՝ կանգնած է նորատուսցիների կողքին

14:58, 20 դեկտեմբեր 2023
Ինչն օրինական պահանջ է, օրինական է, ժողովրդի ապրելու միջոցն է, պետք է հաշվի առնել. ՔՊ պատգամավորը հայտարարեց՝ կանգնած է նորատուսցիների կողքին

Այս պահին կանգնած եմ ժողովրդի կողքը, ժողովրդի հարցերով եմ զբաղվում, իրավական գործընթացները իրավանբանները կանեն։ Այս մասին այսօր՝ Նորատուսում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Գրիգորյանը՝ անդրադառնալով ձկնորսների բողոքի ակցիային, որի ընթացքում նաև բախում էր եղել նրանց և պարեկների միջև։

 

«Ես շատ լավ գիտեմ իրենք ինչ են ուզում: Լուծումը պատկերացնում ենք, քննարկումներ է գնում այդ մասով, տեղյակ եմ մարդիկ ինչ են ուզում, ինչը օրինական պահանջ է, օրինական պահանջ է, ինչը ապրելամիջոցի պահանջ է, դա էլ կարելի է հասկանալ: Բերման ենթարկվածների մասով քննարկումներ են գնում բարձրաստիճան իրավապահների հետ»,-ասաց պատգամավորը։

 

Պատգամավորը նշեց նաև, որ ավելի վաղ շրջանում նա ևս զբաղվել է ձկնորսությամբ և որ չկա մի նորատուսցի, որ զբաղված չլինի ձուկ որսալով․ «Իմ ընկերներեն են, իմ հարազատներն են, իմ համագյուղացիներն են և ես էլ իրենց նման նույն առօրյաով ապրում եմ: Չկա մի Նորատուսցի, որ ձկնորսությամբ զբաղված չլինի, ժամանակին ես էլ եմ զբաղվել»,- ասաց նա և հավելեց, որ հնարավոր բոլոր հարթակներում կքննարկի խնդիրը՝ դրան լուծում տալու համար։

 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ այսօր ոստիկանությունը հատուկ օպերացիա է իրականացրել Գեղարքունիքի մարզում, որի ընթացքում ապօրինի ձկնորսությամբ զբաղվելու համար բերման են ենթարկվել ավելի քան 30 քաղաքացիներ։