Միջազգային ճգնաժամային խմբի նախագահ Քոմֆորտ էրոն Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել հայ-ադրբեջանական սահմանին։
Այս մասին նա հայտնել է թվիթերյան իր էջում արված գրառման մեջ:
«Զարմանալի է տեսնել, թե որքան մոտ են 2 կողմերի մարտական դիրքերը բնակեցված վայրերում։ Ողջունելի է Հայաստանում առաքելության անձնակազմի ավելացման վերաբերյալ ԵՄ որոշումը։ Գյուղացիները դեռ հաճախակի կրակոցներ են լսում, սակայն վերջին ամիսներին զոհերի թիվը նվազել է։ Եթե Բաքուն և Երևանը ներգրավեն ԵՄ դիտորդական առաքելությանը, այն կարող է օգնել կանխել միջադեպերն ու տալ անդրսահմանային նախագծերում համագործակցության մեկնարկը։ Ճգնաժամային խումբը երկու կողմերին կոչ է անում վերադառնալ խաղաղ բանակցություններին, այդ թվում՝ սահմանների սահմանազատմանը։ Արևմտյան գործընկերների՝ զարգացումներին հետևելու ջանքերը կարևոր միջոց են բանակցությունների համար պայմաններ ստեղծելու առումով», - գրել է նա։