Կառավարությունը հաստատեց վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնություն ստացած անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված զինծառայողների ծնողներին մինչև 3 տարեկան երեխայի խնամքի կազմակերպման համար պետական աջակցության տրամադրման միջոցառումը։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ասաց, որ երեխաների խնամքն արդյունավետ կազմակերպելու նպատակով առաջարկվում է դա կազմակերպել կա՛մ դայակի, կա՛մ վճարովի հիմունքներով գործող նախադպրոցական հաստատությունների միջոցով։ Աջակցությունը կկազմի 104 հազար դրամ։
Նախարարի զեկուցմանը, թե միջոցառմամբ նախատեսվում է, որ եթե ընտանիքն օգտվում է դայակի ծառայությունից, ապա դայակ հանդիսանող անձը չպետք է գրանցված լինի նույն հասցեում, Փաշինյանը արձագանքեց․
«Այսինքն ընտանիքի անդամի աշխատանքը չենք գնահատում։ Մտածողությունը, որ եթե բարեկամ է, կարող է քո համար ձրի սա անի, նա անի, դա նորմալ մտածողություն չի։ Այսինքն եթե իմ բարեկամի համար եմ աշխատում, զրո արժեք ունի, իսկ եթե ինչ-որ կորպորացիայի համար եմ աշխատում, արդեն արժեք ունի։ Սա այն դեպքը չէ, որ կասկածելի հայացքով նայենք»,- ասաց Փաշինյանը։
Փաշինյանը նշեց, որ այս խնդրին բախվում է իր մարզային այցերի ընթացքում և ընդգծեց՝ վստահ է, որ առաջիկա մարզային այցի ընթացքում ևս կհարցնի՝ արդյոք օգտվել են այս միջոցառումից և կստանա բացասական պատասխան։
Նարեկ Մկրտչյանը պատասխանեց՝հնարավորություն կտան ընտանիքներին, որպեսզի իրենք որոշեն՝ ինչպես են կազմակերպում երեխայի խնամքը։