Հետևեք մեզ։

2023-ին հայտնաբերվել և առգրավվել է անօրինական եղանակով Հայաստանից արտահանվող շուրջ 1,5 միլիոն տուփ առանց ակցիզային դրոշմանիշի ծխախոտ․ ՊԵԿ (տեսանյութ)

16:52, 21 դեկտեմբեր 2023
2023-ին հայտնաբերվել և առգրավվել է անօրինական եղանակով Հայաստանից  արտահանվող շուրջ 1,5 միլիոն տուփ առանց ակցիզային դրոշմանիշի ծխախոտ․ ՊԵԿ (տեսանյութ)

ՊԵԿ Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը 2023 թվականի ընթացքում մշտապես միջոցառումներ է իրականացրել՝ առանց ակցիզային դրոշմանիշի ծխախոտի իրացման դեպքերի բացահայտման ուղղությամբ։


Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության ու ՊԵԿ այլ ստորաբաժանումների կողմից համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում, 2023 թվականի ընթացքում հայտնաբերվել և առգրավվել է օդային և ցամաքային ճանապարհներով, անօրինական եղանակով Հայաստանի Հանրապետությունից արտահանվող շուրջ 1,5 միլիոն տուփ առանց ակցիզային դրոշմանիշի ծխախոտ: Նշված դեպքերի առթիվ ՔԿ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների դեմ պայքարի գլխավոր վարչությունում նախաձեռնվել են քրեական վարույթներ, որոնց շրջանակում քրեական վարույթների համար նշանակություն ունեցող բազմաթիվ վայրերում դատարանի որոշումներով կատարվել են խուզարկություններ։ Միաժամանակ, ՀՀ քննչական կոմիտեի և ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների իրականացրած վարույթային և ապացուցողական ծավալուն գործողությունների, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների հիմքով վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ առանց ակցիզային դրոշմանիշի ծխախոտ արտադրած ընկերության սեփականատիրոջն ու ընկերության տնօրենի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու համար, որոնք բավարարվել են։


Միևնույն ժամանակ, հետաքննության և օպերատիվ հետախուզության ու ներքին անվտանգության վարչություններ օպերատիվ տեղեկություններ էին ստացվել այն մասին, որ ծխախոտ արտադրողները սկսել են առանց նշագրման, սպիտակ տուփերով ծխախոտ վաճառել։ Ստացված տվյալներն իրացնելու նպատակով ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության ու ներքին անվտանգության վարչությունների կողմից մշակվել, ձեռնարկվել և իրականացվել են համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնց ընթացքում ծածկագրված եղանակով կատարվել են հսկիչ գնումներ։ Արդյունքում, կատարված հսկիչ գնումներով, արձանագրվել են առանց անվանման, առանց որևէ նույնականացման տվյալների, ակցիզային դրոշմանիշերով չդրոշմավորված ծխախոտների շուրջ 5170 տուփի վաճառքի դեպքեր, բացի այդ, վաճառողների մոտից հայտնաբերվել են շուրջ 38,870 տուփ չդրոշմավորված և առանց որևէ նույնականացման տվյալների ծխախոտ։ Հսկիչ գնումներին զուգահեռ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են իրականացվել ծխախոտի արտադրությամբ զբաղվող ընկերությունների արտադրամասերում և պահեստային տարածքներում, որտեղից հայտնաբերվել են առանց անվանման, առանց որևէ նույնականացման տվյալների, ակցիզային դրոշմանիշերով չդրոշմավորված ծխախոտներ և դրանց արտադրության հետքեր։ Հաշվի առնելով, որ ձեռնարկված արդյունավետ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռքբերված փաստական տվյալներով հաստատվել է, որ տվյալ ընկերությունները զբաղվել են առանց անվանման, առանց որևէ նույնականացման տվյալների, ակցիզային դրոշմանիշերով չդրոշմավորված ծխախոտների արտադրությամբ և վաճառքով՝ ձեռքբերված ելակետային տվյալների հիման վրա կատարվել են պետությանը պատճառված վնասի նախնական հաշվարկներ, որոնց հիմքով՝ ՔԿ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների դեմ պայքարի գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։


Ներկայումս օպերատիվ-հետախուզական միջոցառումները և վարույթային գործողությունները շարունակվում են՝ հանցավոր շղթաներում ներգրավված բոլոր անձանց հայտնաբերելու և նրանց արարքներին քրեաիրավական գնահատական տալու նպատակով։


Պետական եկամուտների կոմիտեն ծխախոտ արտադրողներին և վաճառողներին հորդորում է չարտադրել և չվաճառել առանց ակցիզային դրոշմանիշերի, առանց հսկիչ նշանների, ինչպես նաև առանց անվանման, առանց որևէ նույնականացման տվյալների և ակցիզային դրոշմանիշերով չդրոշմավորված ծխախոտներ։ Պետական եկամուտների կոմիտեն բոլոր նմանատիպ արատավոր երևույթները բացահայտելու նպատակով շարունակելու է օգտագործել իր ողջ գործիքակազմը։


Ծանուցում. ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

 

Վերլուծական