Եվրամիությունը Ադրբեջանում լրագրողների և ակտիվիստների կամայական կալանավորումները համարել է երկրում անկախ լրագրության և խոսքի ազատության սահմանափակումների առումով լուրջ մտահոգության առիթ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է արել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչի գլխավոր խոսնակ Պիտեր Ստանոն։
«Լրագրողների և ակտիվիստների վերջին կամայական կալանավորումները լուրջ մտահոգություններ են առաջացնում Ադրբեջանում անկախ լրագրության և խոսքի ազատության սահմանափակումների առումով, որը հակասում է երկրի ստանձնած միջազգային պարտավորություններին»,-ասվում է հայտարարությունում։
ԵՄ-ն հայտարարությունում թվել է մի խումբ լրագրողների, որոնք ենթարկվել են կամայական կալանավորումների։ Եվրամիությունը նաև ափսոսանք է հայտնել իրավապաշտպան Իլհամիզ Գուլիևի, քաղաքական ընդդիմության առաջնորդ Թոֆիք Յագուբլուի ձերբակալությունների, նշանավոր գիտնական և ակտիվիստ Գուբադ Իբադօղլուի և քաղաքացիական ակտիվիստ Բախտիյար Հաջիևի նախնական կալանքը երկարաձգելու որոշման համար։
Եվրամիությունը կոչ է անում Ադրբեջանին ազատ արձակել իրենց հիմնարար իրավունքների համար բանտարկված անձանց և ազատ ու անարգել պայմաններ ապահովել անկախ լրագրության և խոսքի ազատության համար։