Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը ՀՖՖ նախագահի առաջիկա ընտրությունների վերաբերյալ գրառում է կատարել սոցցանցերում:
«Կարծում եմ՝ ժամանակն է՝ քաղաքականությունը հեռու մնա հայկական ֆուտբոլից: Մենք շատ ծանր գին ենք վճարել, որպեսզի մեր ֆուտբոլը փոխվի տարիների ընթացքում, և ժամանակն է, որ քաղաքականությունը թույլ տա ֆուտբոլային մասնագետներին անել այն, ինչ նրանք լավագույնը գիտեն: Ավելի քան 30 տարի գիտենք, թե քաղաքականությունն ինչ է արել ֆուտբոլում, այնպես որ, խնդրում եմ՝ հեռու մնացեք»,- գրել է Յուրա Մովսիսյանը:
Նա հաջողություն է մաղթել ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրված երկու թեկնածուներին էլ՝ Արաս Օզբիլիսին և ՀՖՖ գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանին:
«Երկուսիդ էլ հաջողություն եմ ցանկանում: Հայկական ֆուտբոլը կփոխվի միայն այն դեպքում, եթե մենք ազնիվ լինենք մեր աշխատանքում, և ես իսկապես հավատում եմ, որ Արաս Օզբիլիսն ու Արմեն Մելիքբեկյանն ամեն ինչ կանեն՝ մեզ այս խառնաշփոթից հանելու համար: Ես մեծ վստահություն ունեմ, որ երկուսն էլ այս հարցում ճիշտ պատճառներով են, և երկուսին էլ հաջողություն եմ մաղթում: Հարկավոր է՝ այս մրցավազքում հաղթի հայկական ֆուտբոլը»,- գրել է Մովսիսյանը:
Հայաստանի հավաքականի երկրպագուների ՖԱՖ շարժումը նույնպես հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ ՀՖՖ նախագահի ընտրություններում չի աջակցում թեկնածուներից և ոչ մեկին։
Հիշեցնենք, որ ՀՖՖ նախագահի ընտրությունը կկայանա դեկտեմբերի 23-ին։ Առաջադրվել է երկու թեկնածու՝ Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսը և ՀՖՖ գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանը։