«Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության հիմնադիր, գործարար Եվգենի Պրիգոժինի սպանությունը կազմակերպել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը։ Այսպիսի պնդում է անում ամերիկյան The Wall Street Journal թերթը՝ հղում անելով արևմտյան հետախուզական ծառայությունների աղբյուրներին։
Հրատարակությունը պնդում է՝ այն բանից հետո, երբ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի միջնորդությամբ հնարավոր է եղել պայմանավորվել Բելառուսի տարածք վարձկանների տեղափոխման մասին, Պատրուշևը սկսել է մշակել Պրիգոժինին սպանելու ծրագիրը, Պուտինին ավելի ուշ ցույց է տվել այդ պլանները, նա չի առարկել։
Ըստ աղբյուրի՝ օգոստոսի 23-ին «Շերեմետևո» օդանավակայանում փոքր ռումբ է տեղադրվել մասնավոր Embraer-135 ինքնաթիռի թևի տակ, որն օգտագործել է «Վագներ»-ի հիմնադիրը: Թռիչքից կես ժամ անց ինքնաթիռը կործանվել է Տվերի մարզում։ Ինքնաթիռում գտնվող մարդիկ զոհվել են։