Հետևեք մեզ։

Արցախի հարցի միջազգայնացումը կդրվի Արցախի խորհրդարանի ձևավորած միջազգային հանձնախմբի վրա․ Տիգրան Աբրահամյան

10:43, 23 դեկտեմբեր 2023
Արցախի հարցի միջազգայնացումը կդրվի Արցախի խորհրդարանի ձևավորած միջազգային հանձնախմբի վրա․ Տիգրան Աբրահամյան

Արցախի նախագահը պետական մարմինների ղեկավարների մասնակցությամբ ընդլայնված կազմով խորհրդակցություն է արել, որի ընթացքում քննարկվել է Արցախից բռնի տեղահանված արցախցիների խնդիրները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

 

«Արցախցիների խնդիրներն այսօր բազմաթիվ են` քաղաքականից մինչև անձնագրային, սակայն ուշագրավ է, որ նախագահ Շահրամանյանն անդրադարձել է թերևս ամենաքննարկվող և անկյունաքարային հարցին` ի՞նչ է լինելու հայտնի հրամանագրի ճակատագիրը, որը ենթադրում էր Արցախի պետական ինստիտուտների և պետականության լուծարում:

 

Սամվել Շահրամանյանն ընդգծել է, որ Արցախի Հանրապետության իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները:

 

Նշեմ, որ ավելի վաղ նրա խորհրդականն էր հայտարարել, որ այդ հարցը լուծվել է հոկտեմբերին:

 

Այս հարցին, միգուցե, մանրամասն չանդրադառնայի, որովհետև մեծ առումով կանխատեսելի էր, սակայն նկատեցի, որ փաշինյանական քարոզչամեքենան` իր կարկառուն ներկայացուցիչներով, հարձակման է անցել:

 

Որքան հասկանում եմ այդ արձագանքներից, վերջիններիս հիասթափությունը նրանում է, որ Արցախի հարցի փաստաթղթային հանձնումը տապալվել է, իսկ դա նշանակում է, որ արցախցիների համար հանուն Արցախի պայքարը մնում է օրակարգում, իսկ միջազգայնացման հարցն, ամենայն հավանականությամբ, կդրվի Արցախի խորհրդարանի ձևավորված միջազգային հանձնախմբի վրա»,- գրել է Աբրահամյանը։

Վերլուծական