«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Շուրջ 1,5 տարի է անցել, սակայն մինչ օրս իրավապահները չեն կարողանում բացահայտել ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի տան եւ խանութի մոտակայքում հնչած պայթյունի մեղավորներին: Պայթյունի դեպքից անց՝ 1,5 տարի է՝ քննություն է իրականացվում, եւ քրեական հետապնդման ենթարկվող անձ չկա։
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ մեզ հասած տեղեկություններով՝ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հայրը՝ Զարեհ Սարգսյանը, իրավապահներին բացատրություն է տվել Արաբկիրում տեղի ունեցած պայթյունի գործով: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ նա իրավապահներին հայտնել էր, որ չի կարող ասել՝ արդյոք կատարվածն իրենց հետ կապ ունի, թե ոչ: «Թող իրավապահները պարզեն»,- ասել էր Զարեհ Սարգսյանը:
Նկատենք, որ պայթյունը եղել էր 2022 թվականի օգոստոսի 22-ին Սարգսյանին պատկանող՝ Երեւանի Նաիրի Զարյան փողոցում գտնվող խանութ-յուղման կետի տարածքում: Այդ տարածքից փոքր-ինչ հեռավորության վրա է գտնվում պատգամավորի հայրական տունը, ու համադրելով բոլոր հանգամանքները՝ հարց է առաջանում՝ պայթյունն ուղղակի պատահականությո՞ւն է եղել, թե՞ ՔՊ-ական պատգամավորի դեմ է ուղղված. գուցե մարդիկ կան, որոնք փորձել են ինչ-որ բան հասկացնել պատգամավորին կամ նրա ընտանիքի անդամներից որեւէ մեկին:
Հանգամանքները մինչ օրս պարզված չեն»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։