Հետևեք մեզ։

Սիրելի Արաս, ընտրել եմ քեզ, դու մենակ չես և կցանկանայի քո ավագ ընկերը լինել. «Դովեղի» հիմնադիր Թաթուլ Հակոբյան

17:58, 23 դեկտեմբեր 2023
Սիրելի Արաս, ընտրել եմ քեզ, դու մենակ չես և կցանկանայի քո ավագ ընկերը լինել. «Դովեղի» հիմնադիր Թաթուլ Հակոբյան

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությունում թեկնածու Արաս Օզբիլիսի ստացած երեք ձայներից մեկը տվել է ՀՖՖ անդամ «Դովեղ» ֆուտբոլային ակումբը։ Այդ մասին ֆեյսբուքյան գրառումով հայտնել է «Դովեղի» հիմնադիր Թաթուլ Հակոբյանը, որը մասնակցել է ընտրությանը։

«Սիրելի Արաս, ընտրել եմ քեզ, դու մենակ չես և կցանկանայի քո ավագ ընկերը լինել։

Այսօր, դեկտեմբերի 23-ի կեսօրին մասնակցել եմ ՀՖՖ նախագահի ընտրություններին և, ինչպես գրել էի ավելի վաղ, իմ 1 ձայնը տվել Արաս Օզբիլիզին:

 

Նախորդ տարի ՀՖՖ Գործկոմի անարդար ընտրությունից հետո որոշել էի չմասնակցել ՀՖՖ նախագահի ընտրությանը:

Երբ Արասը իր թեկնածությունը դրեց, կապվեց ինձ հետ և հանդիպում առաջարկեց: Իմ և Արասի միջև տեղի է ունեցել երկու հանդիպում, որի ընթացքում նա ներկայացրել է իր պատկերացումները հայկական ֆուտբոլի, մասնավորապես՝ մանկապատանեկան և մարզային ֆուտբոլի զարգացման շուրջ:

Ես Արասին ասացի, որ անիմաստ է մասնակցել ընտրություններին, որովհետև դրանք արդեն ավարտվել են: Ավելին, խորհուրդ տվեցի վերջին պահին հանել թեկնածությունը, եթե հաղթելու հավանականությունը շափ փոքր է: Արասը խնդրեց, որ ես դեկտեմբերի 23-ին գնամ ընտրության և իրեն ձայն տամ: Արասը ինձ վրա պարկեշտ, լավ մարդու տպավորություն թողեց: Ես նրան երբեք չէի հանդիպել, ընդամենը հետևել եմ նրա ֆուտբոլին:

Արասին խոստացա, որ կգնամ և կընտրեմ իրեն և նաև շեշտեցի, որ քվեարկելու եմ ոչ թե «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի կողմից առաջադրված թեկնածու Արաս Օզբիլիզի, այլ հենց Արաս Օզբիլիզի օգտին՝ որպես անհատ և որպես տաղանդավոր ֆուտբոլիստ: Մենք բարեկամաբար հիշում ենք, որ երկու տարի առաջ «Ուրարտու»-ն, ցավոք, մաս կազմեց մի շարք այլ ֆուտբոլային ակումբների և ՀՖՖ այս ղեկավարության ցուցումով ապօրինաբար կասեցրեց մեր անդամակցությունը հայկական ֆուտբոլային ընտանիքին: Կարճ ժամանակ անց մեր անդամակցությունը վերականգնվեց:

Դեկտեմբերի 23-ին Արասը ստացավ 3 ձայն: Մյուս թեկնածուն՝ ՀՖՖ գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանը ստացավ 20 ձայն:

Սիրելի Արաս, ընտրել եմ քեզ, դու մենակ չես և կցանկանայի քո ավագ ընկերը լինել:

Թաթուլ Հակոբյան

Լրագրող, գրքերի հեղինակ, «Դովեղ» ՖԱ ՀԿ-ի հիմնադիր

Հ. Գ.

Հարգելի բարեկամ, ընկեր, ֆուտբոլասեր: «Դովեղ» ֆուտբոլային ակումբում ներգրավված են և պարապում են 7-ից 13 տարեկան մոտ 60 երեխաներ հետևյալ բնակավայրերից՝ Դեբեդավան, Բագրատաշեն, Այրում, Պտղավան, Դեղձավան, Հաղթանակ, Զորական, Բերդավան, Նոյեմբերյան, Դովեղ, Ջուջեվան, Ոսկեպար և Կոթի գյուղերից: Մեր գործունեությունը հնարավոր է դառնում նաև շնորհիվ բազմաթիվ անհատ նվիրատուների ու կազմակերպությունների, որոնց անունները, առանց բացառության և նվիրատվության չափի, տեղ են գտնում «Դովեղ» ֆուտբոլային ակումբի ԲԱՐԵԿԱՄՆԵՐԻ խմբում:

Մեր երեխաների անունից շնորհակալ կլինենք, եթե Ձեր փոքր կամ առատաձեռն նվիրատվությամբ օգնեք մեզ, որպեսզի սահմանային համայնքների երեխաները նույնպես ֆուտբոլ խաղան և ունենան երազանքներ:

ԴՈՎԵՂ ֆուտբոլային ակումբի հաշվեհամարն է՝

2050822108031001 – Հայկական դրամ, ԻՆԵԿՈԲԱՆԿ»,- գրել է Թաթուլ Հակոբյանը։

Վերլուծական