Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջատար «Փյունիկը» հայտարարությամբ արձագանքել է ՀՖՖ նախագահի պաշտոնում Արմեն Մելիքբեկյանի վերընտրվելուն։
«Ընկերներ, ցանկանում ենք շնորհակալություն հայտնել ձեզ, որ անցնող տարվա վերջին շաբաթներին մեզ հետ կիսեցիք հայկական ֆուտբոլի ապագայի վերաբերյալ ունեցած ապրումները: Մենք միասին հարցեր էինք տալիս, փաստերով քննարկում ֆեդերացիայի գործող ղեկավարության թերացումները, անում էինք հայտարարություններ և անտարբեր չէինք։
Մենք ուրախ ենք` վերջնական արդյունքում հույս ձեռք բերեցինք` ի դեմս Արաս Օզբիլիսի, որին աջակցել է ոչ միայն ֆուտբոլային հանրության մեծ մասը, այլև ամբողջ աշխարհում հայտնի հայ մարզիկները, ինչպիսիք են` Հենրիխ Մխիթարյանը, Կարեն Խաչանովը և Լևոն Արոնյանը, մարդիկ, ովքեր առաջին ձեռքից գիտեն, թե որքան կարևոր է երկրի համար պրոֆեսիոնալ մոտեցումը, ինչպես նաև ուժեղ ու պատասխանատու ֆեդերացիա ունենալը:
Ցավոք, ամեն ինչ նախապես որոշված էր։ Ընտրությունները վերածվել են աթոռակռվի: Քվեարկության արդյունքները մեզ համար անակնկալ չեն։ Աշխատանքի արդյունքները, ինչպես նաև հանրության կարծիքը, հերթական անգամ անամոթաբար անտեսվեցին։
Բայց վերջին շաբաթները մեզ վստահություն տվեցին, որ միասին կարող ենք ազդել ապագայի վրա և հայկական ֆուտբոլը վերադարձնել զարգացման ու առաջընթացի ուղի: Ամեն դեպքում մենք շարունակելու ենք պայքարը մեր երկրի ամենասիրված մարզաձևում` մաքրություն հաստատելու և բարգավաճում ապահովելու համար: Մեզնից կախված ամեն ինչ անելու ենք խաղադաշտում և դրա սահմաններից դուրս` հայկական ֆուտբոլը արժանի մակարդակին վերադարձնելու համար:
Ֆուտբոլը միավորում է մարդկանց ամբողջ աշխարհում, և մենք այս մեծ ընտանիքի մի մասն ենք։
Հարգանքով ՝ «Փյունիկ» ՖԱ»,- նշվում է հայտարարությունում։
Նախագահի ընտրությանը մասնակցեց ՀՖՖ 25 անդամներից 23-ը։ Արաս Օզբիլիսը ստացավ 3 ձայն, Արմեն Մելիքբեկյանը՝ 20 ձայն։
Քվեարկությանը չմասնակցեցին Երեւանի «Նոա» եւ Գյումրիի «Շիրակ» ակումբները, որոնց պատվիրակները չեն ներկայացել ժողովին։