Հետևեք մեզ։

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը «զեղչով» բնակարան է գնել «Բյուրեղ»-ում, իսկ կառուցապատողին առնչվող քրեական գործը կասեցվել է․ infocom.am

20:54, 29 մարտ 2023
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը «զեղչով» բնակարան է գնել «Բյուրեղ»-ում, իսկ կառուցապատողին առնչվող քրեական գործը կասեցվել է․  infocom.am

Հայաստանի Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը 2021-ի փետրվարին ընդարձակ բնակարան է ձեռք բերել Երևանի կենտրոնում կառուցվող «Բյուրեղ» բնակելի թաղամասում։ Խաչատրյանը բնակարանն իր հարևանների համեմատությամբ ձեռք է բերել էականորեն ավելի էժան գնով։ 

Այդ ընթացքում տարօրինակ ճակատագրի է արժանացել Հատուկ քննչական ծառայությունում (այժմ՝ Հակակոռուպցիոն կոմիտե) քննվող քրեական գործը, որն առնչվում էր 2017-ի խորհրդարանական ընտրություններում Վայոց ձորում ընտրակաշառք բաժանելու դեպքին և կարող էր կապ ունենալ կառուցապատող ընկերության սեփականատիրոջ ընտանիքի անդամի հետ, գրում է  infocom.am-ը։

Ո՞վ է կառուցապատողը

«Բյուրեղ» թաղամասը գտնվում է Երևանի Արշակունյաց պողոտայում և ընդգրկում է 16-25 հարկանի 7 բնակելի շենքեր՝ 1170 բնակարանով ու 815 ավտոկայանատեղիով։ Տարածքում կառուցվելու են նաև հասարակական շինություններ, խաղահրապարակներ, շատրվաններ, լինելու է 1.2 հեկտար կանաչ տարածք։ Թաղամասը նախագծել է քաղաքաշինության նախկին նախարար, ջերմուկցի Նարեկ Սարգսյանը։

Թաղամասը կառուցում է «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ն,  որը պատկանում է ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանի ընտանիքին։ 

Սասուն Խաչատրյանի հետ գույքի գնման իրավունքի առքուվաճառքի պայմանագիրը 2021-ի փետրվարի 23-ին ստորագրել է Աշոտ Արսենյանի որդին՝ Վահագն Արսենյանը, որը «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ի սեփականատերն է։

Վահագն Արսենյանն այժմ Ջերմուկի համայնքապետն է․ 2021թ․ դեկտեմբերին ՏԻՄ ընտրություններին նա մասնակցում էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով։

Ձեռք բերված բնակարանը թաղամասի Դ մասնաշենքում է, դրա մակերեսը 167  քառակուսի մետր է։ Պայմանագիրը վավերացրել է Աշոտ Արսենյանի դուստրը՝ նոտար Քրիստինե Արսենյանը։ 

 

Բնակարանի գինը՝ շուկայականից ցածր

Բնակարանի 1 քառակուսի մետրի գինը, ըստ պայմանագրի, կազմել է 425 331 դրամ։ Ընդհանուր առմամբ, բնակարանի գինը կազմել է 71.1 միլիոն դրամ։ 

«Ինֆոքոմ»-ի տրամադրության տակ գտնվող պայմանագրերի համեմատական վերլուծությունից պարզ է դառնում, որ «Ջերմուկ գրուպ»-ը բնակարանը Սասուն Խաչատրյանին վաճառել է ավելի էժան գնով, քան նույն մասնաշենքում նույն ամսվա ընթացքում բնակարան գնած առնվազն 3 այլ անձանց։ Այսպես, եթե Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին 1 քառ․ մետրը վաճառվել է 425 331 դրամով, նույն մասնաշենքում այլ քաղաքացիներ 1 քառ․ մետրի համար վճարել են 576 708, 572 660 և 640 000 դրամ։ Թաղամասում բնակարանի 1 քառ․ մետրի մակերեսի դինամիկան հասկանալու համար նշենք, որ «Ինֆոքոմ»-ն ունի մեկ այլ քաղաքացու՝ գնման իրավունքի առքուվաճառքի պայմանագիր, որը 2020-ի դեկտեմբերի 30-ին է կնքվել։ Այդ պայմանագրով քառ․ մետրի գինը կազմել է մոտ 517 000` դարձյալ ավելի բարձր գին, քան վճարել է Սասուն Խաչատրյանը։ 

Եթե միջինացնենք նույն ամսում նույն շենքի նույն մասնաշենքում 3 անձանց գնած բնակարաններիի 1 քառ․ մետրի արժեքը, ապա այն կկազմի 596 456 դրամ, այլ կերպ ասած՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը իր բնակարանի 1 քառ․ մետրը նշված միջինացված թվից ավելի քան 171 000  դրամով նվազ է գնել։

Նույն տրամաբանությամբ հաշվարկի դեպքում Սասուն Խաչատրյանի համար բնակարանի «զեղչը» կազմել է 28․5 միլիոն դրամ։ «Ինֆոքոմ»-ը գրավոր հարցմամբ դիմել է «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ին՝ խնդրելով պարզաբանել, թե ինչու և ինչ գործոններով պայմանավորված է Սասուն Խաչատրյանն այլ բնակարանների համեմատ էժան գնով բնակարան ձեռք բերել։ Ընկերությունից պատասխանել են՝ անշարժ գույքերի գնման իրավունքները տարբեր ժամանակահատվածներում վաճառվել են տարբեր արժեքներով՝ պայմանավորված ամրագրման ժամկետով, բնակարանի հարկով, ավարտվածությամբ և այլն։ Խնդրել էինք նաև մեզ տրամադրել Խաչատրյանի կողմից բնակարանի ամրագրումը հավաստող որևէ փաստաթուղթ. այն չի տրամադրվել։ Թաղամասում 1 քառակուսի մետրի գինը վերջին տարիներին կայուն աճել է ու հիմա 1 քառ․ մետրի գինն առնվազն 960 000 դրամ է։ 

Չբացահայտված և կասեցված  ընտրակաշառքի գործ

Սասուն Խաչատրյանը, որը ղեկավարում է Հակակոռուպցիոն կոմիտեն, բնակարանի նման գին ստանալով, կարող էր ազդել իր ղեկավարած կառույցի վարույթում քննվող քրեական գործի վրա, որը հարուցվել էր դեռ 2018-ի հուլիսին ու կապված էր «Բյուրեղ»-ի կառուցապատող «Ջերմուկ գրուպ»-ի սեփականատեր Վահագն Արսենյանի հոր՝ Աշոտ Արսենյանի հետ։ Այդ ժամանակ ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել՝ հայտնելով, որ Մալիշկա համայնքի ղեկավար Մհեր Մովսիսյանը 2017-ի խորհրդարանական ընտրություններում Վայոց ձորում ՀՀԿ-ի ռեյտինգային թեկնածու Աշոտ Արսենյանից առձեռն ստացել է 13 միլիոն դրամ՝ ընտրակաշառք բաժանելու և 1300 ձայն ապահովելու նպատակով։ Ոստիկանությունում հարուցված քրեական գործը փոխանցվել էր Սասուն Խաչատրյանի ղեկավարած Հատուկ քննչական ծառայությանը։ 

դրվագները քննվում էին ընտրակաշառք բաժանելու դեպքի հետ մեկ քրեական գործում։ 

Ոստիկանության բացահայտումից գրեթե մեկ տարի անց՝ 2019 թ․ հունիսի 6-ին, ՀՔԾ-ն, Մհեր Մովսիսյանի կողմից գույք հափշտակելու, պաշտոնեական կեղծիք կատարելու, ինչպես նաև ընտրակաշառք բաժանելու դրվագի ապացույցները բավարար համարելով, գործն այդ մասով ուղարկում է դատարան։ Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ դատարան ուղարկված գործով Մովսիսյանը, ի թիվս այլնի, մեղադրվում է ընդհանուր 230 հազար ՀՀ դրամ ընտրակաշառք տալու մեջ։ Նկատենք, որ ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ ընտրակաշառք բաժանելու նպատակով Մովսիսյանը պատգամավորի թեկնածու Աշոտ Արսենյանից առձեռն ստացել էր 13 միլիոն ՀՀ դրամ։ Դատարան ուղարկված գործը դեռ քննության փուլում է։

Գործն այդ մասով դատարան ուղարկելու հետ մեկտեղ ՀՔԾ-ն իր վարույթում է պահում ու շարունակում քննել ընտրակաշառքի գործը։ Ենթադրվում է, որ դրա շրջանակում պիտի պարզվեր՝ կոնկրետ որ թեկնածուի համար է ընտրակաշառք վճարել Մհեր Մովսիսյանը, ումից է նա ստացել այդ ընտրակաշառքի գումարը, ովքեր են ներգրավված եղել այդ գործընթացում և այլն։ Գործով, սակայն, ըստ էության ոչինչ էլ չի պարզվում,  և 2021 թ․ հոկտեմբերին Հակակոռուպցիոն կոմիտեում գործի վարույթը կասեցվում է։ Ինչպես տեղեկացրին Կոմիտեից, այն կասեցվել է Քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ «մեղադրյալի հայտնի չլինելու հիմքով»։ Աշոտ Արսենյանն այս գործով այդպես էլ որևէ կարգավիճակ չի ունեցել։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։