Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը Instagram-ում հայտնել է, որ բլոգեր Նաստյա Իվլեևայի «մերկ» երեկույթից հետո չեղարկել է լրագրող Քսենյա Սոբչակի հետ հարցազրույցը,որը պետք է կայանար փետրվարին։ Անդրեասյանն ասել է, որ այլևս չի ցանկանում հանդիպել Սոբչակի հետ, երբ վերջինս մասնակցել է Իվլեևայի միջոցառմանը և աջակցել նրան։
Կինոռեժիսորը կարծում է, որ «թողությունը» ազատության և երջանկության մաս չէ։ Նա իրեն ձանձրալի մարդ է բնութագրել, ով կցանկանար «արժանապատվորեն ծերանալ՝ չվիրավորելով ճակատում գտնվող զինվորներին, նրանց մայրերին և, առհասարակ, հանդիսատեսի հսկայական զանգվածին իր մանկական արարքներով»։
Անդրեասյանն ասել է, որ «բոհեմների» որոշ ներկայացուցիչներ «չափերը չեն զգում» և այնքան էլ չեն հասկանում, թե ինչ է կատարվում աշխարհում։ Նրա խոսքով՝ ցանկացած հայտնի արվեստագետ իր ընտանիքի, միջավայրի ու պետության դեմքն է.
«Արվեստագետ լինելը նույն պատասխանատվությունն է ուրիշների համար, ինչ մայր և հայր լինելը: Սարսափելի է, որ սրանք այն մարդիկ են, ովքեր մեր երկրում աստղ են համարվում, և սարսափելի է, որ այդ փչացածներին աջակցում են նույն փչացած մարդիկ՝ տալով նրանց մեծ հնարավորություններ»,- ասել է ռեժիսորը։
Նշենք, որ դեկտեմբերի 20-ին Մութաբոր ակումբում տեղի է ունեցել Իվլեևայի երեկույթը: Ըստ դրես-կոդի՝ հյուրերը պետք է ներկայանային կիսամերկ։ Միջոցառմանը մասնակցել են Քսենիա Սոբչակը, Օլգա Օրլովան, Ֆիլիպ Կիրկորովը, Գլյուկոզան, Լոլիտա Միլյավսկայան, Օքսանա Սամոյլովան, ռեփեր Վասիոն և Ջիգանը։
Դեկտեմբերի 21-ին Պետդումայի պատգամավոր Մարիա Բուտինան խնդրել է Ներքին գործերի նախարարությանը օրենքի սահմաններում ստուգումներ իրականացնել միջոցառման վերաբերյալ։