Հետևեք մեզ։

«Ֆետա»-ն սեղանի սպիտակ պանիր է, որը պետք է արտադրվի հստակորեն սահմանված աշխարհագրական տարածքում․ ՄՊՀ-ն պանիրների իրացման փաստի առթիվ վարույթներ է հարուցել

15:30, 25 դեկտեմբեր 2023
«Ֆետա»-ն սեղանի սպիտակ պանիր է, որը պետք է արտադրվի հստակորեն սահմանված աշխարհագրական տարածքում․ ՄՊՀ-ն պանիրների իրացման փաստի առթիվ վարույթներ է հարուցել

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը «Ֆետա» և «Ֆետա» բառը ներառող անվանումներով պանիրների իրացման փաստի առթիվ թվով 7 տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ հարուցել է վարույթներ: 

 

Վարույթների հարուցման պատճառ է հանդիսացել այն հանգամանքը, որ արձանագրված ապրանքներն առերևույթ չեն հանդիսանում Հունաստանի արտադրանք։ 

 

Մասնավորապես, Եվրոպական միության աշխարհագրական նշումների գրանցման գործակալության կայքի համաձայն․ ««Ֆետա»-ն սեղանի սպիտակ պանիր է, որն արտադրվում է ավանդական եղանանակների պահպանմամբ, պահվում է աղաջրում, պատրաստվում է բացառապես ոչխարի կաթից կամ ոչխարի և այծի կաթի խառնուրդից, ընդ որում՝ այծի կաթի չափաբաժինը չպետք է գերազանցի կաթի նետտո քաշի 30 տոկոսը։

 

Բացի այդ, ֆետան պետք է արտադրվի հստակորեն սահմանված աշխարհագրական տարածքում, որը ներառում է Մակեդոնիան, Թեսալիան, Թրակիան, Հունաստանի մայրցամաքային կենտրոնական հատվածները, Պելոպոնեսը, Լեսվոսի պրեֆեկտուրան, ընդ որում՝ կաթը, որն օգտագործում են ֆետայի պատրաստման համար, ստացվում է վերոնշյալ տարածքներում ավանդաբար բնակեցված ոչխարների և այծերի հատուկ ցեղատեսակներից, որոնք ամբողջովին հարմարված են նշված տարածքներում և սնվում են բացառապես այդ տարածքների բուսականությամբ»։

 

Իսկ Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև կնքված համաձայնագրի համաձայն՝ «Ֆետա» բառը «պանիր» ապրանքատեսակի համար ենթակա է պահպանման որպես ծագման տեղանուն։