Արցախի Հանրապետության ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Ռուբեն Վարդանյանի հետ ունեցած զրույցներից մեկին։
«Կարծեմ 2023թ. գարնանն էր... Ստեփանակերտի «Ռոսիա» սրճարանում Ռուբեն Վարդանյանի հետ նստած՝ զրուցում էինք Արցախում և նրա շուրջ տեղի ունեցող զարգացումներից: Այդ օրերին նա նոր էր թողել պետնախարարի պաշտոնը:
Խոսում էինք հանրապետությունում ստեղծված ռազմաքաղաքական ծանր վիճակից, կարծիքներ փոխանակում իրադրությունից դուրս գալու ելքերի շուրջ և... հարցնում եմ՝
-Թշնամու ճամբարից Ձեր մասին հաճախ են ակնարկում, դա Ձեզ չի՞ անհանգստացնում:
-Ինձ ավելի շատ անհանգստացնում է Արցախում տիրող այսօրվա մթնոլորտը, երբ մարդիկ զբաղված են մեկը մյուսին «սևացնելու» հանցավոր անգործունեությամբ, այլ ոչ թե միասնական ուժերով իրավիճակից դուրս գալու ելքեր փնտրելով...
-Մեր առաջին հանդիպման ժամանակ ես Ձեզ ասել էի, որ արցախցիներին լավ չեք ճանաչում, հիշո՞ւմ եք...
-Իսկ ես էլ ասացի, որ աշխարհի բոլոր մարդիկ նույնն են, պարզապես, նրանց ոչ թե հասկացնել, այլ հասկանալ է պետք... Այսօր մենք՝ ոչ միայն նրանց, այլև ինքներս մեզ չենք հասկանում... Ինձ համար, օրինակ, զարմանալի չէր լինի, եթե վաղը 200 դոլարով ինչ-որ մի վարձկան մահափորձ կատարի իմ դեմ... Ես դրանից չեմ վախենում, ես վախենում եմ նրա համար, ով, 200 դոլարի դիմաց պատրաստ է գնալ պատվիրված սպանության...
Հ.գ.-2023թ. սեպտեմբերի 27-ին Հագարի կամուրջի մոտ ադրբեջանցիների կողմից տեղադրված ապօրինի անցակետում Ռուբեն Վարդանյանը կալանավորվել և տեղափոխվել է Բաքվի բանտ:
Առայսօր նա գտնվում է գերության մեջ...
Հ.գ.գ.- Միլիարդատեր Ռուբեն Վարդանյանը բոլոր հնարավորություններն ուներ խուսափելու գերությունից, բայց, ինչպես իր որդին կասեր՝ «Նա խոսքի մարդ է, ասել է՝ մինչև վերջ կլինի ժողովրդի կողքին, այդպես էլ արել է..»»,-գրել է Հասրաթյանը։