Հետևեք մեզ։

Երևանը զգալի դիվիդենտներ է ստանում ԵԱՏՄ-ին իր մասնակցությունից․ Զախարովա

13:59, 27 դեկտեմբեր 2023
Երևանը զգալի դիվիդենտներ է ստանում ԵԱՏՄ-ին իր մասնակցությունից․ Զախարովա

Երևանը զգալի դիվիդենտներ է ստանում ԵԱՏՄ-ին իր մասնակցությունից։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

 

«Հայաստանի հետ ԵԱՏՄ-ի շրջանակներում փոխգործակցությունը կառուցված է պրագմատիկ և փոխշահավետ հիմքերի վրա։ Տարեցտարի նկատվում են բուն Հայաստանի տնտեսական ցուցանիշների աճի բարձր տեմպերը։ Չնայած որոշ վիճահարույց հայտարարություններին՝ մենք մեր հայ գործընկերների հետ նույնպես, ինչպես ԵԱՏՄ անդամ մյուս բոլոր երկրների դեպքում, կառուցում ենք կառուցողական, ապաքաղաքականացված երկխոսություն»,- չորեքշաբթի ճեպազրույցում ասել է նա։

 

Զախարովան նշել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ելույթ ունենալով Սանկտ Պետերբուրգում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում, հայտարարել է, որ Երևանը կենտրոնացած է միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում ԵԱՏՄ շրջանակներում առաջադրանքների համակարգված իրականացման վրա։

 

«Մենք աջակցում ենք մեր գործընկերների ոգուն՝ եվրասիական տնտեսական ինտեգրման ամրապնդմանն ու զարգացմանն ուղղված հետագա արդյունավետ աշխատանքի համար»,- ասել է դիվանագետը։