ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում բացահայտվել են Արմավիրի մարզի Ջրառատ բնակավայրի 41-ամյա բնակչուհու կողմից հանրապետության տարբեր բնակավայրերում խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու բազմաթիվ դեպքերը:
Քննությամբ պարզվել են խարդախությունների մեխանիզմը, տուժողների շրջանակը, ինչպես նաև՝ վերջիններիս պատճառված վնասի չափը:
Քննությամբ հիմնավորվել է, որ 41-ամյա կինը, 2020-2023թթ. ընթացքում, խարդախությամբ ուրիշի գույքի հափշտակություն կատարելու միջոցով, Արմավիրի, Վայոց ձորի, Շիրակի, Լոռու և Սյունիքի մարզերի հիմնականում գյուղաբնակ ընդհանուր 32 ֆիզիկական անձանցից, հափշտակել է ընդհանուր առմամբ 22.137.800 ՀՀ դրամ գումարի գույք:
Մասնավորապես՝ վերջինս պարզելով, որ նշված մարզերի կոնկրետ բնակիչներ ունեն վաճառքի ենթակա խոշոր եղջերավոր անասուններ, նրանց մոլորության մեջ գցելու նպատակով դիտավորյալ խեղաթյուրելով իրականությունը, գոյություն չունեցող կեղծ տվյալներ է հաղորդել 26 դեպքում իր կողմից իբրև թե ՀՀ զինված ուժերին և քրեակատարողական հիմնարկներին, իսկ երեք դեպքում՝ սննդի ընկերությանը մսի մատակարար լինելու մասին՝ խոստանալով ապրանքի դիմաց վճարել մատակարարելուց ստացված գումարով:
Այնուհետև փոխառության պայմանագիր կնքելը որպես վստահություն ձեռք բերելու միջոց օգտագործելով և գույքի սեփականատերերին այդ կերպ մոլորության մեջ գցելով՝ տարբեր քանակի և արժողության խոշոր եղջերավոր անասուններ գնելու շուրջ նրանց հետ պայմանավորվածություն է ձեռք բերել՝ գումարը երեքից հինգ աշխատանքային օրվա ընթացքում վճարելու պայմանով։ Ապա ստանալով հիշյալ գույքը՝ խարդախությամբ, խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով, հափշտակել է դրանք և վաճառել, գյուղացիներին պատճառելով գույքային վնաս:
Բացի այդ, Արմավիրի մարզի Ջրառատ բնակավայրի հիշյալ բնակչուհին, պարզելով, որ երեք անձինք վաճառքի ենթակա տարբեր քանակի և արժողության սերմացու ունեն, այցելել է նրանց և պայմանավորվածություն ձեռք բերել դրանք գնելու շուրջ՝ գումարը մի քանի օրից վերադարձնելու պայմանով: Սակայն սերմացուն ստանալուց հետո, խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով, հափշտակել է այն:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Արմավիրի մարզի Ջրառատ բնակավայրի բնակչուհուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 1-ին մասով (17 դրվագ) և ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (15 դրվագ): Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը:
Նախաքննությունն ավարտվել է և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին։
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: