Հետևեք մեզ։

Աշտարակի տարածքը փոքր էր․ ԿԳՄՍ նախարարը՝ ակադեմիական քաղաքի կառուցման վայրը տեղափոխելու մասին

20:04, 27 դեկտեմբեր 2023
Աշտարակի տարածքը փոքր էր․ ԿԳՄՍ նախարարը՝ ակադեմիական քաղաքի կառուցման վայրը տեղափոխելու մասին

Տարեվերջյան ամփոփիչ մամուլի ասուլիսում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է հանրային հնչեղություն ստացած մի շարք հարցերի:

Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե որտե՞ղ է նախատեսվում կառուցել ակադեմիական քաղաքը, նախարարը հստակեցրել է, որ այն կառուցվելու է Երևանի և 3 մարզերի՝ Արմավիրի, Արագածոտնի և Կոտայքի, սահմանագծին: Արձագանքելով դիտարկմանը, թե ինչո՞ւ է ակադեմիական քաղաքը Աշտարակից տեղափոխվել Երևան, նախարարը նշել է:

«Այստեղ ուղղակի պարզ թյուրըմբռնում կա. ակադեմիական քաղաքի կառուցման մասին խոսելիս նշվել է տեղադրության ամենամոտ հատվածը և ըստ այդմ՝ Երևանի 17-րդ թաղամասին կից տարածքը: Աշտարակի այն տարածքը, որի շուրջ ի սկզբանե ընթացել են քննարկումները, մի քանի անգամ փոքր էր և չէր համապատասխանում հայեցակարգին: Հետագա քննարկումների արդյունքում, հաշվի առնելով ակադեմիական քաղաքում տեղակայվող բուհերի թիվն ու բավականին մեծ ենթակառուցվածքները՝ Ազգային ստադիոն, սպորտային ենթակառուցվածքներ, ժամանակակից համերգասրահ և այլն, պարզ դարձավ, որ այն շատ ավելի մեծ տարածքի առկայություն էր ենթադրում: Այս նկատառումով էլ ընտրվել է 17-րդ թաղամասին հարակից 630 հա տարածքը, որը հիմնականում պետական և համայնքային սեփականություն է»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Նախարարի խոսքով՝ ակադեմիական քաղաքը նպատակ ունի զարգացնել նաև մարզերի ենթակառուցվածքները, ինչին կնպաստի դրա՝ Հյուսիս-Հարավ մայրուղու հարակից հատվածում տեղակայումը:

Ամփոփելով մամուլի ասուլիսը՝ Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ ԿԳՄՍ ենթակայության մշակութային որոշ հաստատություններ գործելու են նաև տոնական օրերին՝ հույս հայտնելով, որ քաղաքացիներն անպայման կայցելեն մշակութային միջոցառումների: