Հետևեք մեզ։

Կոպիրկինի հետ հանդիպմանը Ավինյանը կարևորել է ռուսաստանյան ընկերությունների ակտիվ մասնակցությունը Երևանի քաղաքապետարանի հայտարարած մրցույթներին

14:42, 28 դեկտեմբեր 2023
Կոպիրկինի հետ հանդիպմանը Ավինյանը կարևորել է ռուսաստանյան ընկերությունների ակտիվ մասնակցությունը Երևանի քաղաքապետարանի հայտարարած մրցույթներին

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:  


Ողջունելով հյուրին՝ քաղաքապետ Ավինյանը կարևորել է Երևանի և ռուսաստանյան խոշոր քաղաքների միջև ձևավորված հարաբերություններն ու ընդգծել, որ դրանք զարգացման հեռանկարներ ունեն:

Որպես հաջողված գործակցության օրինակ՝ Տիգրան Ավինյանը տեղեկացրել է, որ բոլորովին վերջերս Երևանի ավագանին փոփոխություններ է կատարել նախագծման թույլտվության և  ճարտարապետահատակագծային առաջադրանք կազմելու գործընթացում, որում հաշվի է առնվել նաև քույր քաղաք Դոնի Ռոստովի փորձը: 

Դեսպան Կոպիրկինն իր հերթին նկատել է, որ Երևանի և ՌԴ տարբեր քաղաքների միջև հաստատված են գործընկերային հարաբերություններ, ինչն էլ հնարավորություն կտա ընդլայնել գործակցության շրջանակն ու համատեղ նոր ծրագրեր իրականացնել քաղաքային տնտեսության որոշակի բնագավառներում։ 


Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայ-ռուսական առևտրային ներկայացուցչության ղեկավար Աննա Դոնչենկոն: Անդրադառնալով գործարար շրջանակներին՝ քաղաքապետ Ավինյանը կարևորել է ռուսաստանյան ընկերությունների ակտիվ մասնակցությունը Երևանի քաղաքապետարանի հայտարարած նախագծերի մրցույթներին: