ԵՊՀ հոգաբարձուների խորհրդին ներկայացվել է ռեկտորի տարեկան գործունեության հաշվետվությունը, հաստատվել են ԵՊՀ կառուցվածքը, հաստիքացուցակը, եկամուտների և ծախսերի տարեկան նախահաշիվն ու ներկայացված պայմանագրերը։
Անցած ուսումնական տարում շարունակվել ու մեկնարկել են տարբեր ծրագրեր՝ ուղղված ԵՊՀ-ում կրթության որակի բարձրացմանը, գիտահետազոտական աշխատանքների խթանմանն ու միջավայրի լավարկմանը։ Մասնավորապես, վերանայվել են կրթական բոլոր ծրագրերը՝ դրանք համապատասխանեցնելով եվրոպական նոր չափանիշներին, ներդրվել են նորերը։ Ծրագրերից 4-ը ստացել են միջազգային հավատարմագրում։ Իր գործունեությունն է սկսել ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցը։
Մեկնարկել է 710 մլն ՀՀ դրամ ընդհանուր ֆոնդով 28 նոր գիտական դրամաշնորհային ծրագիր, տպագրվել է 1494 գիտական հոդված, որոնցից 243-ը ինդեքսավորվող «Scopus» շտեմարանում ընդգրկված միջազգային հեղինակավոր հանդեսներում, ձեռք են բերվել 1,2 մլրդ ՀՀ դրամի համարժեք գիտական սարքավորումներ, վերանորոգվել են 27 լսարան, 3 լաբորատորիա և 18 աշխատասենյակ։
Անցած տարվա ընթացքում 10%-ով բարձրացվել են բոլոր աշխատակիցների աշխատավարձերը, հավելյալ 10%-ով էլ՝ պրոֆեսորադասախոսական աշխատակազմի աշխատավարձերը։ Բացի դրանից՝ աշխատակիցներին տրվել է հիմնական աշխատավարձի 100 և 50%-ի չափով միանվագ պարգևատրում։
2024 թվականին նախահաշվով ևս նախատեսված է աշխատակիցների աշխատավարձերի բարձրացում 10%-ով, ինչպես նաև տարեվերջյան 13-րդ աշխատավարձ ու ամռանը վճարվող 50%-ի չափով պարգևատրում։