Հայաստանի և Ադրբեջանի միջև բոլոր հանդիպումների ժամանակ բարձրացվում է 8 գյուղերի հարցը։ Մենք կարծում ենք, որ դա կապված է սահմանազատման հետ, որը տեխնիկական խնդիր է։ Այս մասին տարեվերջյան հաշվետվության ճեպազրույցում իր ելույթի ժամանակ ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
«Եթե մենք ցանկանում ենք, որ խաղաղության համաձայնագիրը արագ ստորագրվի, պետք է տարանջատենք այս երկու գործընթացները»,- ասել է Բայրամովը՝ նշելով, թե սահմանազատման գործընթացը կարող է երկար տևել։
Բայրամովն անդրադարձել է նաև 8 գյուղերին, որն, ըստ ադրբեջանական կողմի, Հայաստանը պետք է վերադարձնի Ադրբեջանին։
«Այս ութ գյուղերն էլ ունեն իրենց առանձնահատկությունները, այս գյուղերից 4-ը անկլավային են, 4-ը անկլավային չեն։ Հայաստանն էլ ունի իր պահանջներն ու տեսակետները սահմանների վերաբերյալ։ Բայց խոսքը գնում է բնակավայրերի մասին։ Այս գյուղերի պատկանելությունը վիճելի չէ, պարզ է, թե խորհրդային տարիներին ովքեր են ապրել այս գյուղերում»,- ասաց նախարարը։