Հետևեք մեզ։

Երուսաղեմում հայ համայնքի ներկայացուցիչների և հոգևորականների առողջությանը պատճառվել է վնասներ, այդ թվում` ծանր

21:26, 28 դեկտեմբեր 2023
Երուսաղեմում հայ համայնքի ներկայացուցիչների և հոգևորականների առողջությանը պատճառվել է վնասներ, այդ թվում` ծանր
Այսօր ահազանգեր ենք ստացել Երուսաղեմի հայ համայնքից, որ կեսօրին մոտ՝ ժամը 12-ի սահմաններում 30 դիմակավորված և զինված անձինք կազմակերպված ներխուժել են Երուսաղեմի Հայկական թաղամասի «Կովերի պարտեզ» կոչվող վայր։ Այս մասին հաղորդագրություն է տարածել «Թաթոյան» հիմնադրամը, որում ասվում է․
 
«Զինված լինելով էլեկտրահարող սարքերով, մետաղե ձողերով, քարերով՝ հայհոյանքներով ու բղավոցներով կյանքի համար վտանգավոր եղանակով հարձակում են գործել խաղաղ հայ համայնքի և հոգևորականների, այդ թվում՝ եպիսկոպոսների, քահանաների և սարկավագների նկատմամբ։
 
Հրապարակած տեսանյութերից հստակ երևում է՝ ինչպես են զինված ու դիմակավորված անձինք հարձակվում ու հարվածներ հասցնում հայ համայնքի ներկայացուցիչներին և հայ հոգևորականներին։
 
Արդյունքում հայ համայնքի ներկայացուցիչների և հոգևորականների առողջությանը պատճառվել է վնասներ, այդ թվում` ծանր: Հարձակման ենթարկված Հայ համայնքի 2 ներկայացուցիչ բերման է ենթարկվել և գտնվում է Ոստիկանությունում։ Ոստիկանություն են տարվել հարձակումն իրականացրած զինված խմբի մի շարք անդամներ:
 
Ըստ ահազանգերի՝ թեև Ոստիկանությունը «Կովերի պարտեզ» կոչվող վայրից գտնվում է ընդամենը 100 մետր հեռավորության վրա, Ոստիկանությունը ժամանել է 20 րոպե ուշացումով։
 
Այս հանցավոր արարքը զինված հարձակում է ոչ միայն Հայ համայնքի, այլ Երուսաղեմի Հայոց պատրիարքության և Հայկական թաղամասի նկատմամբ` կենսական վտանգ ստեզծելով:
 
Մենք նշված հարցերը քննարկել ենք Երուսաղեմի Հայ համայնքի հետ և անմիջական կապի մեջ ենք նրանց հետ՝ իրավիճակի հետ կապված։ Նշված բոլոր տեղեկությունները հաստատել են նաև Հայ համայնքի ներկայացուցիչները»։