Այսօր Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը հյուրընկալել է համայնքի տարվա ընթացքում լավագույն առաջադիմություն ցուցաբերած ուսանողներին, աշակերտներին։ Այս մասին հայտնում են համայնքապետարանից․
«Ողջունելով ներկաներին՝ համայնքի ղեկավարը նշեց, որ ինչպես պետության այնպես էլ համայնքի զարգացման ու առաջընթացի գործում մեծ դերակատարում ունեն երիտասարդները, ովքեր հանդիսանում են ապագան կերտողները և հորդորեց հանդիպման մասնակիցներին ակտիվորեն ներգրավվել համայնքային գործընթացներում։
Դ. Համբարձումյանն ամփոփ ներկայացրեց համայնքում նախատեսվող այն ծրագրերը, որոնք առնչվում են և կհետաքրքրեն երիտասարդներին։
Ներկայացվեցին նաև տարվա ընթացքում իրականացված ծրագրերը, որոնց արդյունքում լուծվել են համայնքային կարևորության մի շարք հարցեր։
Աշակերտներն ու ուսանողները բարձրաձայնեցին մի շարք հարցեր, ինչպես նաև կարևորեցին նմանօրինակ հանդիպումները և շնորհակալություն հայտնեցին նախորդ հանդիպումների ընթացքում հնչեցված հարցերին լուծումներ տալու համար։
Համայնքի ղեկավարը սիրով պատասխանեց մի քանի տասնյակ հարցերին և հավելեց, որ շուտով պատրաստ կլինի նաև համայնքապետարանի 5-րդ հարկում կառուցված դահլիճը, որը կդառնա երիտասարդների համար յուրօրինակ հավաքատեղի, հանդիպումների, քննարկումների վայր։
Հանդիպման ավարտին Դ. Համբարձումյանը շնորհավորեց գալիք տոների առթիվ և մաղթեց, որ 2024 թվականը լինի անկորուստ տարի, և խաղաղությունն ու բարեկեցությունն իշխեն յուրաքանչյուր օջախում»,-ասվում է հաղորդագրությունում։